«Աշխատում եմ խանութ չգնալ». Լիլիթ Հովհաննիսյան (ֆոտո)
Այլ
Ըստ Esyes.am-ի՝ հայտնի հեռուստանախագծում մասնակցության առաջին իսկ օրվանից շատերի սրտերը գրաված վառ արտաքինով այս աղջիկը տարակուսանքի տեղիք չտվեց, որ ինքն էլ ի՛ր տեղն է ունենալու շոու-բիզնեսի արևի տակ: Տեղը գրավելը՝ գրավեց, Լիլիթ Հովհաննիսյանն այլևս հայտնի անուն է. լալկան ձայնով երգչուհին որքան էլ ուշ-ուշ երևա հեռուստաէկրանին, միևնույն է, նրան մոռանալ չի լինում: Կարդա ու ավելին իմացիր սիրված երգչուհու մասին, ով վերջերս է վերադարձել հյուրախաղերից:
- Վերջերս ես վերադարձել շրջագայությունից. առաջին անգա՞մն էր, հուզվո՞ւմ էիր դեսպանատուն մտնելիս:
- Արտասահմանում համերգով ներկայանալս առաջին անգամը չէր: Իսկ այս անգամ Արման Հովհաննիսյանի մենահամերգներն էին, ես էլ որպես հյուր էի մասնակցում:
Շատ էի անհանգստանում դեսպանատուն մտնելիս: Ճիշտ է, սթրես չէր, բայց շատ հուզված էի, միշտ լարվում եմ դեսպանատուն գնալիս՝ հատկապես երբ մի անգամ արդեն մերժել էին ԱՄՆ-ի դեսպանատանը: Ինձ համար անգամ խանութ գնալն է սթրեսի առիթ... Միշտ այդպիսին եմ եղել. աշխատում եմ խանութ չգնալ. միայն խիստ անհրաժեշտության դեպքում, էլ ո՞ւր մնաց դեսպանատուն մտնելը:
- Ինչո՞վ է դա պայմանավորված: Ընդհանրապես, բարդութավորվա՞ծ մարդ ես:
- Անկեղծ ասած, մանկուց ունեմ այդ բարդույթները՝ չնայած քիչ-քիչ անցնում են, շատերից եմ ձերբազատվել, բայց դեռ կան որոշները: Փոքր ժամանակվանից ամեն ինչից բարդութավորվում էի, անգամ չեմ կարող թվարկել... որ ես տգեղ եմ, որ մարդիկ ինձ չնկատեն, ուշադրության կենտրոնում չլինեմ: Ասենք, փողոցն անցնելիս, եթե խմբված մարդիկ՝ հատկապես տղաներ էի տեսնում, անպայման ճանապարհս փոխում էի, շրջանցում: Ջրբաշյանի անվ. երաժշտական դպրոցում էի սովորում, որը բավականին մոտ է մեր տանը, բայց մինչև հասնում էի այնտեղ, մի տասն անգամ ճանապարհս փոխում էի: Տանից դուրս չէի գալիս, բակում գրեթե չէի խաղում: Իսկ կրտսեր քույրս շատ ակտիվ էր. և՛ եղբայրն էր ինձ համար, և՛ քույր :), իմ պահապանն էր, ամեն ինչում ինձ օգնում էր: Հիմա էլ է այդպես: Եթե մեկ օրում մի քանի գործ պիտի անեմ, խառնվում եմ, թե ոնց պիտի հասցնեմ:
- Քո արտաքին տեսքից ու կերպարից դժվար է կռահել, որ բարդութավորված ես: Այսինքն՝ գորշ մկնիկ չես, ով փորձում է ստվերում մնալ: Այժմ փորձում ես արտաքին կերպարովդփոխհատուցե՞լ մանկության տարիների բարդույթները:
- Մանկության տարիների իմ հագուստը միայն մոխրագույն էր, սև և, լավագույն դեպքում, սպիտակ. տոն օրերին սպիտակ էի հագնում :), մազերս «կոս» կամ հյուսքեր էի անում, ընդհանրապես զարդեր չէի դնում ու աշխատում էի հնարավորինս աննկատ մնալ:
Դասարանում խնջույքներ էին կազմակերպում. գնում էի, նստում, նրանց նայում, ուրախանում ու վերադառնում:
- Այդ խնջույքների ժամանակ քեզ չէի՞ն ստիպում երգել:
- Չէ, չգիտեին, տասը տարի ոչ ոք դրա մասին չի իմացել, բացի պապայից: «Սուպերսթար» գնալուց հետո են իմացել, որ երգում եմ (ժպտում է): Հայրս երաժիշտ է՝ ակորդեոնիստ (մինչև դաշնամուրի գնալը հայրս է ինձ նվագել սովորեցրել), ու շատ խստապահանջ էր, երբեք իմ երգելը չի գովել, միայն ասում էր՝ «լավ ա երգում»: Բայց դա այնքան վատ տոնով էր ասում, որ ավելի լավ էր ասեր, որ վատ եմ երգում: Երբեք ինձ չի ստիպել, որ մարդկանց մոտ երգեմ: Տանը պիտի մենակ լինեի, որ դաշնամուր նվագեի ու երգեի: Դասից որ գալիս էի, պայուսակն առանց ուսիցս հանելու, առանց հաց ուտելու, դաշնամուրն էի բացում: Բայց երբ երաժշտական դպրոց գնացի, էդ սերը կորավ, լացելով էի գնում: Հիմա էլ սիրում եմ դաշնամուր նվագել. սիրում եմ ոչ թե պարապել, այլ որ ինձ համար նվագեմ, երգ գրեմ:
- Ինչպե՞ս կարողացար հաղթահարել բարդույթներդ ու միանգամից մասնակցելզանգվածային մի հեռուստանախագծի, որն էլ կարիերայիդ սկիզբը եղավ:
- Երբ գնացի «Սուպերսթար», նույն բարդութավորված երեխան էի, բայց բեմում՝ երգելու ժամանակ, մոռանում եմ աշխարհում ամեն ինչի մասին: Ես այդ պահին չեմ մտածում, որ երգելիս կարող է բերանս ծռվել, որ կարող եմ տգեղ երևալ, բայց հենց երգը վերջանում է, էլի բարդութավորվում եմ: Ամաչում եմ, որ ինձ ծափահարում են, քիչ է մնում ասեմ՝ լավ էլի, ծափ մի տվեք... Ինձ համար էլ է դա զարմանալի. առօրյայում դժվար է թերարժեքության բարդույթներով ապրելը, բայց ուրախ եմ, որ բեմում դա չկա, թե չէ՝ հաստատ չէի երգի:
- Արթուր Գրիգորյանը երբևէ չի թաքցրել իր համակրանքը քո հանդեպ` որպես երգչուհու: Ի՞նչ դեր ունի նա քո ստեղծագործական կյանքում, կարիերայիդ առաջխաղացման մեջ:
- Նա այն մարդն է, ով օգնում է ինձ բեմում անել այն, ինչ կարող եմ. ավելի ճիշտ՝ առավելագույնս կարող եմ անել: Նա կարողանում է քեզ համոզել, որ աշխարհի ամենալավ երգչուհին ես, որ ամեն ինչ շատ լավ ես անում, ու դու հավատում ես: Նա ինձ համար այդ հասկացող մարդն է, քանի որ երբեմն մոռանում ենք, որ երգելն արվեստ է, ոչ թե միայն... Ու դրա պատճառը կոմերցիա կոչվածն է, կուլիսային, բեմից դուրս կատարվող իրադարձությունները: Նա պարզապես հոգեկից մարդ է: Միգուցե նա ինձ մի քիչ շատ է սիրում, չեմ կարող ասել: Բայց մի երգչուհի կա, ում հաստատ ամենաշատն է սիրում՝ Հռիփսիմե Հակոբյանին:
- Կարո՞ղ ես փակագծերը բացել և ասել՝ ի՞նչ է կատարվում շոու-բիզնեսի խոհանոցում, որն«ուտելու» չէ՝ «դառն» է, «կծու», «թթու», բայց այն կա:
- Հա, այդ ամենը կա՝ «դառը», «կծուն», ու դա է, որ հաճախ արտիստին հեռացնում է այն հոգեվիճակից, որ պահանջում է բեմը: Դրանից էլ կորչում է արտիստ զգալու զգացողությունը, հավեսը, տրամադրությունը, լավ բան անելու ցանկությունը: Հնարավոր է կուլիսներում փչացնեն տրամադրությունդ՝ ինչ-ինչ նպատակներով... Այսինքն՝ չկա այն մթնոլորտը, որ քեզ լիարժեք արտիստ զգաս. այդ զգացողությունը բեմ բարձրանալիս բացակայում է: Օրինակ՝ չնշելով նախագծի անունը՝ ասեմ, որ անտանելի սթրես էի տանում դրան մասնակցելիս: Այդ ամենի պատճառով հա՛մ վատ էի երգում, հա՛մ ինձ չէի հավանում եթերում:
- Ակնհայտ է, խոսքը «Երկու աստղ» հեռուստանախագծի մասի՞ն է:
- Չէի ուզի նշել, թե կոնկրետ որ հեռուստանախագիծն էր:
- Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը, որ մեր հայտնիները խուսափում են անուններ տալուց, իրերնիրենց անունով կոչելուց: Դու կորցնելու որևէ բան ունե՞ս, որ անուններ չես նշում:
- Իհարկե, կորցնելու ոչինչ չունեմ, ուղղակի չեմ ուզում խոսել այդ մասին: Ավելի ճիշտ՝ չեմ ուզում ինչ-որ մեկին նեղացնել: Եթե իմանամ, որ իմ ասելուց իրենք ավելի լավը կդառնան... Հաստատ ե՛ս չեմ իրենց դաստիարակողը կամ ինչ-որ բան փոխողը: Դա ավելի մեծ խնդիր է, քան հիմա իմ՝ անուններ նշելը: Այդ ամենը շատ ավելի խորը արմատներ ունի ու իմ այս հարցազրույցը ոչինչ չի փոխի. վստահ եմ:
- Արթուր Գրիգորյանը մեր ամսագրում ասել էր, որ «իսկական գովելու աղջիկ ես», բայց սկսելես կլկլացնել ու սկսել ես կլկլացող երգեր կատարել: Ի՞նչ կասես այս կարծիքի մասին:
- Ես տեղյակ եմ, որ ինքն այդպես է մտածում: Ինձ թվում է՝ նա հենց այն ժամանակահատվածում է ձեզ հարցազրույց տվել, երբ, արդեն ասացի, որ նախագծերից մեկում ինձ իմ ափսեում չէի զգում: Նա ինձ այդ առումով դիտողություն արեց, նա շատ անգամ պարզապես վատ երգելուն էլ կլկլացնել է ասում: Հավանաբար իմ վատ աուրան եթերից իրեն էլ էր փոխանցվել: Անգամ երկմտում էի՝ երգե՞լ այսուհետև, թե՞ ոչ: Նա շատ անհանգստացավ ինձ համար և օգնեց, որ ձերբազատվեմ այդ մտքերից և կրկին սկսեմ լավ աշխատել:
- Այսինքն` էլ չե՞ս կլկլացնելու:
- Չեմ կարծում, որ կլկլացրել եմ, ու դա բավականին կոպիտ է հնչում: Եթե Գրիգորիչն ասում է, որ կլկլացրել եմ, դա ընդամենը այդ ժամանակահատվածում իմ հանդեպ ունեցած վատ տպավորության մասին է ասել, այլ ոչ թե կոնկրետ նկատի է ունեցել երգելաոճը: Մելիզմատիկան կլկլացնելու հետ կապ չունի, դրանք խաղիկներ են, որոնց տիրապետելը երգչի համար արդեն իսկ նվաճում է: Դա վկայում է այն մասին, որ ձայնալարերդ ճկուն են: Պարզապես պետք է մելիզմներն այնքան օգտագործել, որ ականջին տհաճ չլինեն, չձանձրացնեն: Գուցե Արթուր Գրիգորիչին դրանք շատ են թվացել, դրա համար է այդպես ասել, բայց չեմ կարծում, որ չափն անցնում եմ:
- Միշտ ասում ես, որ հասարակ ընտանիքում ես ապրում, որ ֆինանսների ուհնարավորությունների բացակայությունը հաճախ քեզ խանգարում է անել այն, ինչ ուզումես: Ինքդ լա՞վ ես վաստակում ու կարողանում նաև օգնել ընտանիքիդ:
- Ես դեռ խանգարում եմ ընտանիքիս՝ չնայած եսասիրությունը չէ պատճառը, որ մամային ու պապային նեղելով (մայրս ուսուցչուհի է, հայրս աշխատում է ոչ իր մասնագիտությամբ, իսկ քույրիկս էլ նոր է աշխատանքի տեղավորվել)՝ տեսահոլովակ նկարահանեմ կամ ձայնասկավառակ թողարկեմ: Իսկ իմ վաստակածն առօրյա ծախսերը հոգալուն է հազիվ բավականացնում: Այն հաստատ չի հերիքում ո՛չ տեսահոլովակ նկարահանելուն, ո՛չ էլ ձայնասկավառակ թողարկելուն: Թեպետ դանդաղ քայլերով, բայց հարթում եմ ճանապարհս:
- Այժմ սիրելո՞վ ես ապրում, մեջդ սեր կա՞:
- Իմ մեջ միշտ սեր կա, միշտ սիրում եմ, իսկ թե այդ սերը հասցե ունի, թե՝ ոչ, չեմ կարող ասել: Չորրորդ դասարանում էի, որ առաջին անգամ սիրահարվեցի, իսկ յոթամյա սերս, որի մասին ոմանք գիտեն, դեռ դպրոցում է եղել: Ինձանից տարիքով մեծ տղայի էի սիրում, բայց, բնականաբար, նա չգիտեր այդ մասին: Նա այդ ժամանակ ընկերուհի ուներ, հիմա արդեն ամուսնացել է, ու այդպես էլ չիմացավ իմ սիրո մասին:





















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան