ՔԿՀ-ում 10 հազար դոլարի շորթման գործով նախաքննությունն ավարտվել է
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է քրեակատարողական հիմնարկում 10 հազար ԱՄՆ դոլարի շորթման և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ քննությամբ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող երկու անձինք 2024 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին, նախնական համաձայնությամբ, մեկ այլ դատապարտյալից պահանջել և մաս-մաս ստացել են շուրջ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։
Ըստ նախաքննության տվյալների՝ նրանք տուժողի մոտ վախի և տագնապի զգացում առաջացնելու, ինչպես նաև իրենց պահանջները կատարելու նպատակով ներկայացել են որպես անձինք, որոնք կարող են լուծել դատապարտյալների միջև առաջացած հարցերը։ Գումարը պահանջել են՝ սպառնալով դանակով բռնություն գործադրել։
Ա․Ա․-ի և Հ․Դ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ շորթման և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու հոդվածներով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան