Դուք ևս ցանկություն ունեք Հայաստանում քաղաքական իշխանության հասնել Ռուսաստանի կամ Պուտինի դաբրոյով. անդրադարձ Տեր-Պետրոսյանի ելույթին
Բլոգոսֆերա
Արսեն Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Դեկտեմեբրի 21-ին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հանրապետական խորհրդի նիստի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի որոշ դրույթներին ի պատասխան: Ի սկզբանե ասեմ, որ ստորեւ ներկայացվող տեքստում արտահայտում եմ իմ անձնական եւ ոչ Քաղաքացիական պայմանագիր հանրային քաղաքական միավորման պաշտոնական դիրքորոշումը:
Պոզիտիվիստական մտածողության, այսինքն ճշգրիտ գիտություններին հատուկ բացարձակ ճշմարտությունների լեզվով Տեր-Պետրոսյանի ելույթ-վերլուծությունում, որը մեծամասամբ նվիրված էր մեկ հիմնական հարցի, այն է' ինչո ՞ւ Հայաստանում Եվրոմայդան տեղի չունեցավ կամ տեղի չի ունենում, առաջին նախագահն առանձնացնում է երեք հիմնական պատճառ.
1. Հայաստանում հակառուսականություն գոյություն չի ունեցել եւ հիմա էլ չունի
2. 1920 թվականի արեւմուտքի վրա խաղադրույք անելու արդյունքում առաջին հանրապետության կեսը կորցնելու հիշողությունն ու փորձը
3. Հայ ժողովրդի խորը հիասթափությունը արեւմուտքից 2008 թվականից հետո նրա կիրառած երկակի ստանդարտների պատճառով
Առաջին դրույթը հիմնավորելիս Տեր-Պետրոսյանը նախ մարգինալ, այսինքն լուսանցքային է որակում Հայաստանում հակառուսական տրամադրություններ ունեցող անհատներին կամ առանձին խմբերին: Այսինքն, Մաքսային Միությանը պաշտոնապես դեմ հանդես եկած օրինակ Ժառանգություն կուսակցությունը, որի ղեկավարն ընդամենը 10 ամիս առաջ Ձեր իսկ համոզմամբ ստացել է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության քվեն, իսկ պաշտոնական տվյալների համաձայն նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում նախագահական ընտրություններում որպես ընդդիմադիր թեկնածու ամենամեծաթիվ ձայները, Մաքսային Միությանը դեմ հանդես եկած կուսակցությունները, քաղաքացիական խմբերը, կառույցները, ինտելեկտուալներն ու խոշտանգումների ենթարկված մեր ընկերները' մարգինալներ են:
Այս պնդումը հիմնավորող մեկ այլ փաստարկ' ըստ մասնագիտությամբ պատմաբան առաջին նախագահի այն է, որ հայոց պետականությունը վերականգնվել է Մեծ Հայքի ռուսական տիրապետության տակ գտնված հատվածում միայն, ինչն էլ, ըստ նրա, հայ ժողովրդի պատմական հիշողությունից վերածվել է կենսագոյության բնույթի ենթագիտակցության' հանգամանք, որ հատուկ է ցեղասպանություն տեսած ժողովուրդներին: Այս մասին խոսել եմ նախկինում ու բայց եւս մեկ անգամ հստակեցնեմ, Հայաստանի Հանրապետության որեւէ նախագահ կամ քաղաքական գործիչ չի կարող խոսել հայ ժողովրդի անունից, քանի որ մեր ժողովրդին քաղաքական առումով ներկայացնելու իրավական հիմքեր չունի, ուստի առաջարկում եմ հետագայում փոխել այս եզրաբանությունը ՀՀ քաղաքացիներ ձեւակերպմամբ: Նաեւ կարծում եմ, որ հայ ժողովրդի կոլեկտիվ ընկալումները կամ հիշողությունը կարող են եւ թերեւս պետք է վերլուծեն հասարակագիտության ոլորտի մասնագետները ինչպիսիք են' ազգագրագետները, մարդաբանները, պատմաբանները, հոգեբանները, սոցիոլոգները եւ այլն:
Մի կողմ թողնելով խոսքի եւ բառերի ընտրության ճշգրտելու խնդիրը' անդրադառնանք Տեր-Պետրոսյանի երկրորդ փաստարկից բխեցվող այլ ենթադրությունների: Օսմանյան Թուրքիայի եւ Ռուսական կայսրության տարածքներում ապրած հայերի ճակատագրերի համեմատությամբ, Տեր-Պետրոսյանը հղվում է արդեն շուրջ 100 տարի, կամ ըստ Զորի Բալայանի 200 տարի' "օրհնվի էն սհաթը" խաչատուրաբովյանական մտածողությանը: Ասել կուզէ' մեր փրկությունը ռուսի պոչը բռնած մնալու մեջ է: Մասնագիտությամբ պատմաբան առաջին նախագահը կարծես միտումնավոր մոռացության է մատնում Հայոց Ցեղասպանության ընթացքում ցարական Ռուսաստանի պատասխանատվության խնդիրը, առաջին հանրապետության օրերին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ետհեղափոխական Ռուսաստանի խոստումներ տալու եւ դրանք չիրականացնելու փաստերը, Լենին-Աթաթուրք եւ ապա Ստալին-Աթաթուրք համաձայնությունների արդյունքում Նախիջեւանի եւ Արցախի' Ադրբեջանին հանձնումը, Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը: Այս ցանկը կարելի է շարունակել...
Նշվում է նաեւ Մեծ Հայքի տարածքում հայ ժողովրդի բացառապես ռուսական ազդեցության տակ գոյատեւելու փաստարկը, ինչն առնվազն ճշգրիտ չէ, եթե հաշվի առնենք ներկայիս Թուրքիայում իսլամացած հայերի վերածննունդը, Կիլիկյան Վաքըֆ հայկական գյուղից, մինչեւ Դերսիմ, Տիգրանակերտ, Համշեն, Տայքի եւ Արեւմտյան Հայաստանի այլ հատվածներում ընթացող չափազանց ուշագրավ գործընթացները: Իսկ եթե նկատի առնենք Տեր-Պետրոսյանի ծննդավայրը հանդիսացող Հալեպը, մուսալեռցիներից ձեւավորված Քեսապը, հյուսիսային Լիբանանի Տրիպոլին' Մերձավոր Արեւելքում, պատմական Փոքր Հայքի եւ Ծոփքի որոշ հատվածների' ներկայիս Աբխազիայի եւ Սեւ Ծովի հյուսիսարեւելյան այլ հատվածների համշենահայությանը, ապա Մեծ Հայքի տարածքների հայկական ներկայության մասին այսօրինակ ձեւակերպումների համար անհրաժեշտ է առավել խորը վերլուծությամբ հանդես գալ:
Տեղին չեմ համարում նաեւ համեմատությունները նախկին միութենական այն պետությունների հետ, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո ունեցել են էթնոտերիտորիալ կոնֆլիկտներ: Աբխազիան, Հարավային Օսիան եւ Մերձդնեստրը Լեռնային Ղարաբաղի հետ անհամեմատելի են հենց միայն այն պատճառով, որ Վրաստանն ու Մոլդովան հակամարտում էին ըստ էության Ռուսաստանի հետ, մինչդեռ մեր պարագայում ուժային ավելի մոտ կատեգորիաներ ունեցող Հայաստանն ու Ադրբեջանն էին, որտեղ Ռուսաստանը տարբեր փուլերում աջակցում էր երկու կողմերին:
Մայդան չունենալու Տեր-Պետրոսյանի առաջարկած երրորդ պատճառն առընչվում է հայ ժողովրդի, իսկ ինչպես վերը նշեցի իմ կարծիքով' ՀՀ քաղաքացիների, եվրոպացիներից եւ կամ Արեւմուտքից հիասթափված լինելուն: Որեւէ մեկը չի ժխտում այն իրողությունը, որ թե' Եվրոպան եւ թե' ԱՄՆ-ն հատկապես արտաքին քաղաքականության հարցերում թաթախված են երկակի ստանդարտների մեջ, սակայն Սերժ Սարգսյանի, իսկ մինչ այդ նաեւ Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմացման մեղադրանքի առյուծի բաժինը Արեւմուտքի ուսերին բարդելը եւ այս հարցում Ռուսաստանի կամ այդ երկրի քաղաքական ղեկավարության պատասխանատվությունից ընդհանրապես չխոսելը' առնվազն ազնիվ չէ:
Պարոն նախագահ, թերեւս ամենալավը դուք գիտեք, թե որքան էական է եղել եւ Ձեր կարծիքով շարունակում է լինել Պուտինի եւ նրա Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի քաղաքական գործընթացների վրա: Մեր երկրում արդեն շուրջ 20 տարի է, ինչ նախագահական ընտրություններում պարտված գործող վարչակարգերի թեկնածուները այդ պաշտոնն են զբաղեցրել նախեւառաջ հենց Մոսկվային հավանությամբ: Ձեր կողմից այս փաստին չանդրադառնալը, հիմք են տալիս ենթադրելու, որ առաջիկայում Դուք, կամ Ձեր ղեկավարած կուսակցությունը եւս ցանկություն ունի Հայաստանում քաղաքական իշխանության հասնել Ռուսաստանի, կամ Պուտինի դաբրոյով:
Եվ վերջապես' թույլ տվեք չհամաձայնել Ձեր վերջին ելույթի հանրային աննախադեպ արձագանք ունենալու եւ կամ դրա ծավալների վերաբերյալ պնդմանը: Եթե նկատի ունեք, որ ելույթը համացանցի միջոցով հետեւողների թվաքանակը անցել է 50 հազարից եւ ուրեմն այդքան մարդ դուրս կգա հանրահավաքի, ապա կամ չեք պատկերացնում ինտերնետային վիճակագրության տրամաբանությունը, կամ փորձում եք միտումնավոր կերպով ուրճացնել դրանք: Ձեր ելույթի յութուբյան եւ տեքստային տարբերակների ներքո առկա ցուցանիշը չեն կարող արտահայտել ո'չ Հայաստանում առկա հանրային տրամադրությունները եւ ո'չ էլ ժողովրդականություն ունենալու Ձեր մակարդակը, քանի որ նախ' կարելի է պնդել, որ դրանց հետեւած օգտատերերի առնվազն կեսը արտերկրից են եւ երկրորդ' դրանք վստահաբար նայվել, վերանայվել, ընթերցվել եւ վերընթերցվել են ինչպես Ձեր կողմնակիցների, այնպես էլ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս մեր շատ ու շատ հայրենակիցների կողմից:
Ուստի եթե պնդում եք, թե դեկտեմբերի 21-ի Ձեր ելույթում հնչած փաստարկները հերքելու միակ միջոցը Հայաստանում Եվրոմեյդան ունենալն է, ապա հուսով եմ այդպիսի տարածք ձեւավորել ցանկացողների ջանքերին առնվազն չեք խոչընդոտի: Ավելին, եթե իսկապես վստահ եք, որ Հայաստանում ունեք Ձեր կողմից նշված հետեւորդների թվաքանակը, ապա ոչինչ Ձեզ չի խանգարում օրինակ 2014 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում կազմակերպել 50-հազարանոց կամ էլ ավելի բազմամարդ հանրահավաք' այդ կերպ իսկ ապացուցելով, որ մեր երկիրը չունի ապագա առանց Ռուսաստանի եւ որ Հայաստանի Հանրապետությունում Դուք եւ Ձեր կողմնակիցները գործող վարչախմբի միակ հնարավոր այլընտրանքն եք:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն