Մադուրոն ընդգրկուն վերադասավորումներ է կատարել կառավարության կազմում
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն սեպտեմբերի 2-ի երեկոյան ընդգրկուն վերադասավորումներ է կատարել երկրի ղեկավարության կազմում: Այսպես, արտաքին գործերի նախարարի պաշտոնում Էլիաս Հաուային կփոխարինի նավթի նախկին նախարար և PDVSA նավթընկերության նախկին ղեկավար Ռաֆայել Ռամիրեսը: Հաուան ինքն այժմ կզբաղեցնի սոցիալիստական տարածքային զարգացման գծով փոխնախագահի պաշտոնը և կգլխավորի համայնքների ու սոցիալական շարժումների նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նավթի նախարարությունում Ռամիրեսի փոխարեն նշանակվել է նախկին նախագահ Ուգո Չավեսի զարմիկը՝ Ասդռուբալ Չավեսը: Ռամիրեսը զրկվել է նաև տնտեսության գծով փոխնախագահի պաշտոնից. այժմ այն կզբաղեցնի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոդոլֆո Մարկոն: PDVSA նավթընկերության ղեկավար կդառնա Էուլոխիո դել Պինոն, ով ավելի վաղ զբաղեցնում էր ընկերության փոխնախագահի պաշտոնը:
El Nacional թերթի տեղեկատվության համաձայն՝ Մադուրոն հայտարարել է այսպես կոչված «հինգ հեղափոխությունների» իրականացումն սկսելու մասին, որոնք երկրին թույլ կտան հաղթահարել ներկայիս ճգնաժամը: Դրանց թվին նա դասել է տնտեսական «հեղափոխությունը», որը թույլ կտա ստեղծել ինքնավար դիվերսիֆիկացված տնտեսություն և բավարարել քաղաքացիների ու երկրի բոլոր պահանջմունքները:
Եվս մեկ «հեղափոխություն» պետք է տեղի ունենա կրթության, մշակույթի ու տեխնոլոգիաների բնագավառում: Երրորդ «հեղափոխությունը» ծրագրված է երկրում իրականացվող սոցիալիստական վերափոխումների ոլորտում, չորրորդը՝ պետական քաղաքականության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը