Պան Գի Մունը պահանջել է անհապաղ դադարեցնել կրակը Դոնբասում
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաշտպանել է Ուկրաինայի Դեբալցևո քաղաքի շրջանում ժամանակավոր հրադադար հաստատելու վերաբերյալ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Իվիցա Դաչիչի առաջարկը՝ խաղաղ բնակիչներին տարահանելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:
«Գլխավոր քարտուղարը լրջորեն անհանգստացած է Ուկրաինայի արևելքի իրադրությունից, մասնավորապես, խաղաղ բնակիչների վիճակից, որոնք առանց ուտելիքի ու ջրի են մնացել Դեբալցևո քաղաքում: Նա ամենայն վճռականությամբ դատապարտում է բնակավայրերի գնդակոծումները և կոչ է անում կողմերին՝ անհապաղ դիմակայության գիծը հեռացնել խտաբնակ շրջաններից»,- ասված է հայտարարության մեջ:
Պան Գի Մունը պահանջել է անհապաղ դադարեցնել կրակը խաղաղ բնակիչներին տարահանելու համար՝ նշելով, որ դա հնարավոր է միայն «բարի կամքի ոգով բանակցություններ վարելու միջոցով», ինչպես նաև կարևորել է քաղաքական երկխոսության վերսկսումը: «Մինսկի համաձայնություններն ստորագրած կողմերը և միջազգային հանրակցությունը պետք է ստանձնեն հակամարտության կարգավորման պատասխանատվությունը»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը փետրվարի 3-ին առաջարկել է եռօրյա հրադադար հաստատել Դեբալցևոյում՝ խաղաղ բնակիչներին տարահանելու համար:
Դեբալցևոյի շրջանում աշխարհազորայինները փորձում են շրջապատել ուկրաինական զորքերի մեծաքանակ խմբավորումը: Սակայն շրջապատման օղակն արագորեն փակելու փորձը հաջողություն չի ունեցել, քաղաքի արվարձաններում մարտերը շարունակվում են:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու