Սուքիասյան-Սարգսյան. հարված Փաշինյանի՞ն
Քաղաքական
Դեռևս 2008 թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ Խաչատուր Սուքիասյանը ներգրավվեց որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Արդեն 2009թ. Սուքիասյանը հրաժարական տվեց և վայր դրեց ԱԺ պատգամավորական մանդատը։
2009-ի փետրվարին Սուքիասյանը կորցրեց նաև իրեն պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանը, որն աճուրդին 4 մլրդ 441 մլն 500 հազար դրամով գնել էր աճուրդի միակ մասնակիցը՝ ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
2016-ին «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ Խաչատուր Սուքիասյանը հիմնադրեց «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնը, որի բացմանը ներկա էր նաև Սերժ Սարգսյանը:
Ավելի ուշ Սուքիասյանը նշել էր, որ բարիդրացիական հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, և անձնավորել եղած խնդիրները՝ ժամանակակից մոտեցում չէ. «Հասկանում եք, չէ՞, սա որքան ժամանակակից քաղաքակիրթ մոտեցում է անկախ ամեն ինչից: Ես իմ երկրում կառուցում եմ, ստեղծում եմ և՛ հասարակության, և՛ երկրի համար։ Ես սրանով նույնպես ապացուցում եմ, որ ես ստեղծող, արարող ճանապարհի մարդ եմ»,- ասել էր Սուքիասյանը։
Սերժ Սարգսյանի ներկայությունը՝ մոլի բացման արարողությանը, բուռն քննարկումների առիթ դարձավ: Հատկապես այն հայտարարությունից հետո, երբ Սուքիասյանը չէր բացառել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով կարող է մտնել խորհրդարան:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ: Վերջինս նշեց, որ կուսակցության քաղխորհուրդն ունի որոշում, ըստ որի՝ կուսակցության համամասնական ցուցակում կարող են ներկայացված լինել միայն կուսակցության անդամները:
«Պարոն Սուքիասյանը ՔՊ-ի անդամ չի հանդիսանում, անդամագրվելու համար չի դիմել, նման հարց մեր օրակարգում չկա ու չի քննարկվել: Դա ասեկոսեների մակարդակում է, որի համար երևի թե հիմք է հանդիսանում իմ և Նիկոլ Փաշինյանի լավ հարաբերությունները Սուքիասյանի հետ:
Մեր վարչության օրակարգում, մեր գրասենյակում պարոն Սուքիասյանից դիմում չկա, ու ես տեղյակ եմ, որ ինքը դեռ չունի որոշում՝ վերադառնա՞լ քաղաքականություն, թե՞ ոչ»,- ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով հարցին, որ շատ է քննարկվում այն տեսակետը, որ Սուքիասյան-Սարգսյան բարիդրացիական հարաբերություններն ինչ-որ տեղ «հարված էր» նաև Նիկոլ Փաշինյանին, Սիմոնյանն ասաց. «Անկեղծ ասած՝ ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում «հարված»: Պարոն Սուքիասյանն անհատ է, ազատ է հանդիպել ցանկացածի հետ. լինի դա Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը կամ որևիցէ մեկը, դա իր անձնական գործն է: Խոսքը Երևանի կենտրոնում բացված մոլի մասին է, որի բացման արարողությանը մասնակցել է Սերժ Սարգսյանը: Դա իր անձնական գործն է, իսկ մեր կուսակցությունն այլ հարց է, մյուս պնդումները լուրջ չեմ համարում»:
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը