Տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանը շարունակում է միավորել պետական կառույցները
Ադրբեջան
Նավթի գնանկման եւ մանաթի փոխարժեքի 2 անգամից ավելի արժեզրկման արդյունքում խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պետական կոռույցներում կրճատումները ու միմյանց միավորելու գործընթացը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ մոտ օրերին Սփյուռքի հետ աշխատանքի գծով պետական կոմիտեն կմիավորվի Ադրբեջանի արտգործնախարության հետ: Այսինքն' կոմիտեն այսուհետեւ պետք է գործի ոչ թե որպես առանձին պետական կառույց, այլ' ԱԳՆ-ի կազմում վարչության կագավիճակով:
Ադրբեջանում պետական մարմինների նման միավորումները ներկայացվում են որպես «բարեփոխումներ», սակայն, իրականում 2016 թվականի համար նախորդ տարիներին համեմատ պետբյուջեն երկու անգամ կրճատած ադրբեջանական կառավարությունը փող խնայելու համար իր այդ քայլերով ցանկանում է կրճատել պետական ապարատում զբաղվածների թիվը:
Ադրբեջանի ազգային արժույթի' մանաթի' լողացող փոխարժեքի անցնելու հետեւանքով ամերիկյան դոլարի նկատմամբ նրա' գրեթե երկու անգամ արժեզրկվելու հետ կապված բոլոր ապրանքների' այդ թվում սննդամթերքի գների 50 տոկոսից ավելի աճից հետո երկրի ամբողջ տարածքում թանկացումների դեմ սկսված բողոքի զանգվածային ակցիաները ցնցել են նավթադոլարների առատությունից շփացած Ադրբեջանի քաղաքական իշխանությանը: Երկրում աշխատատեղերի զանգվածային կրճատումներ եւ գործազրկություն է, փակվել են մեծ թվով ձեռնարկություններ եւ բանկեր:
Ադրբեջանական մանաթի աննախադեպ արժեզրկման արդյունքում այդ երկրում ծայրահեղ վատացել է սոցիալ-տնտեսական դրությունը, ինչը երկրի շրջաններում զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել: Որոշ տվյալներով' Բաքվի «սեւ շուկայում» ամերիկյան մեկ դոլարը վաճառվում է արդեն 3-4 մանաթով:
Ադրբեջանը 2016 թվականի կրճատված բյուջեի միջոցները փորձում է տնտեսել նաեւ փակելով որոշ դեսպանատներն ու դեսպաններին ետ կանչելով:
Minval.az-ն ավելի վաղ հայտնել էր, որ մանաթի վերջին արժեզրկումից հետո (պաշտոնապես մեկ դոլարը հավասար է 1,61 մանաթի) մի շարք խոշոր տուրիստական ընկերություններ, օրինակ' Ulduz Travel, Etna Travel եւ SB Travel, արդեն փակվել են:
Report.az կայքը հայտնում է, որ Ադրբեջանի կրթության փոխնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկայում կշարունակվեն որոշ բարձրագույն կրթական հաստատությունների փակվելու կամ միավորվելու գործընթացները:
Նավթի համաշխարհային գների անկումը սկսվելուց ի վեր Ադրբեջանում մինչ այժմ մոտ 17 բանկ փակվել է, իսկ միայն այս տարվա ընթացքում փակվել է 8 բանկ:
Միջազգային Fitch Ratings եւ Standart & Poor's վարկանիշային գործակալություները Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան եւ ազգային արտարժույթներով «BBB-» մակարդակից իջեցրել է մինչեւ «BB+» «աղբային» մակարդակի:
Ադրբեջանի վարկային վարկանիշը փետրվարի սկզբին մեկ մակարդակով' ներդրումայինից ցածր' «Ba1» մակարդակի իջեցրել է նաեւ Mood's վարկանիշային գործակալությունը: Դա նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը