Նաիրա Զոհրաբյանը` ԲՀԿ-ն լքողների, Օսկանյանի կուսակցության և հաջորդ խորհրդարանում տեղ ունենալու մասին
Քաղաքական
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստվում է ստեղծել իր կուսակցությունը: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ողջունում է Օսկանյանի և նրա համախոհների կողմից կուսակցություն ստեղծելու քայլը: Կարծում է՝ Օսկանյանը մեր երկրում լուրջ ավանդ ունի և փորձառու քաղաքական գործիչ է:
«Ես ողջունում եմ ցանկացած նոր քաղաքական ուժի միավորում, որի նպատակը մեկն է լինելու՝ մեր երկրում հասնել և անել լրջագույն ու համակարգային փոփոխություններ, իսկ համագործակցություն կլինի, թե չի լինի, ցույց կտա ապագան»,- ասաց Զոհրաբյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի այն դիտարկմանը, թե Օսկանյանի հետ իրենց համագործակցությունն արդեն մեկ անգամ տապալվել է, Զոհրաբյանն ասաց.
«Օսկանյանի հետ երբևէ համագործակցություն չի տապալվել: Պարզապես փետրվարյան իրադարձություններից հետո պարոն Օսկանյանը որոշեց դուրս գալ կուսակցությունից: Նրա հետ մենք միշտ էլ շատ արդյունավետ համագործակցել ենք»:
Հարցրինք նաև, թե նոր ԸՕ-ի և ԲՀԿ-ի անդամալքվելու ֆոնին ԲՀԿ-ն հաջորդ խորհրդարանական ընտրություններում նորից կլինի՞ խորհրդարանում, Զոհրաբյանն ասաց, որ իրենք ունեն թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական ռեսուրս, թեպետ ԲՀԿ առաջնորդը կարևորում է հանրային վստահության ռեսուրսը, ինչի շնորհիվ ԲՀԿ-ն լինելու հաջորդ խորհրդարանի ամենաառանցքային ուժերից մեկը:
«ԲՀԿ-ն ով է լքում, ինչ է լքում, ամեն մեկն իր մոտիվացիան ունի: Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ հավաստիացնում եմ՝ ԲՀԿ-ն հաջորդ խորհրդարանում լինելու է կրկին ամենաառանցքային ուժերից մեկը՝ անկախ նրանից, թե դա ում դուրն է գալիս, ում դուրը չի գալիս»:
Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաև պատգամավորներ Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի՝ Օսկանյանի կուսակցության անդամագրության մասին: Ասաց, որ այս պատգամավորները երբևէ չեն եղել ԲՀԿ կուսակցության անդամ և առաջարկեց իրադարձություններից առաջ չընկնել: Այդուհանդերձ ԲՀԿ-ն այս երեք գործընկերների հետ ևս տեսնում է օրակարգային հարցերի լայն շրջանակ, որոնց շուրջ կարող են համագործակցել բավականին արդյունավետ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը