Ադրբեջանում արտադրության մեջ տրավմատիզմի 90 տոկոսը թաքցվում է. փորձագետ
Ադրբեջան
2015 թվականին Ադրբեջանում պաշտոնապես գրանցվել է արտադրական տրավմատիզմի 149 դեպք, զոհվել է 49 մարդ, սակայն, իրականում արտադրությունում տրավմատիզմի 90 տոկոս դեպքերը հասարակությունից թաքցվում են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական echo.az կայքին հայտարարել է բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանության լիգայի նախագահ Սահիբ Մամեդովը:
«Ադրբեջանում ամենատրավմատիկ ոլորտը հանդիսանում է շինարարությունը, որտեղ մարդիկ աշխատում են առանց ապահովագրության եւ ցանկացած եղանակին, ընդ որում, շատ դեպքերում էլ առանց պաշտոնապես ձեւակերպման», -ասել է փորձագետը' հավելելով, որ Բաքվում գործում են բազմաթիվ արտադրամասեր, որոնցում պարբերաբար դժբախտ դեպքեր են տեղի ունենում:
Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական պատպանության նախարարությանը կից աշխատանքային տեսչության պետական ծառայության ղեկավար Ֆուադ Ալիզադեն հայտնել է, որ ինչպես նախկինում, այժմ եւս Ադրբեջանում արտադրության մեջ ամենաշատ դժբախտ դեպքերի թիվը' 30 տոկոս շինարարության ոլորտում է:
«Վերամշակման ոլորտում դժբախտ դեպքերի թիվը կազմել է 20 տոկոս, էներգետիկայի ոլորտում' 10 տոկոս, արդյունահանման ոլորտում' 7 տոկոս, տրանսպորտի ոլորտում' 5,5 տոկոս», -նշել է նա:
Սահիբ Մամեդովն ասել է, որ Ադրբեջանում մեծ խնդիրներ կան արտադրական տրավմատիզմի եւ պրոֆեսիոնալ հիվանդությունների վիճակագրական տվյալների հարցում:
«Միջազգային կազմակերպությունները բազմիցս փորձել են պարզել, թե Ադրբեջանում քանի մարդ է տառապում պրոֆեսիոնալ հիվանդությամբ, սակայն, բոլոր փորձերն անհաջողությամբ են ավարտվել, քանի որ առողջապահության նախարարությունը թաքցնում է այդ թվերը: Ինչ վերաբերվում է արտադրական տրավմատիզմին, ապա 2015 թվականին նման 149 դեպք է գրանցվել, 49 մարդ զոհվել է: Սակայն, այդ թվերը չեն արտահայտում իրական պատկերը, քանի որ Ադրբեջանում ծաղկում է աշխատանքի ոչ ֆորմալ շուկան, իսկ թե ինչ է այնտեղ կատարվում, ոչ մի տեղ չի ֆիքսվում: Գործնականում, մեր մոտավոր հաշվարկներով, արտադրական տրավմատիզմի 90 տոկոս կարգի դեպքերը ոչ մի տեղ չեն ֆիքսվում», -ասել է Սահիբ Մամեդովը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ