Մահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը
Աշխարհ
95 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ֆիզիկոս և գյուտարար Ջեյմս Թորանս Ռասելը, որի մշակումները հիմք են հանդիսացել CD և DVD սկավառակների տեխնոլոգիաների ստեղծման համար։ Նրա մահվան մասին նոյեմբերի 25-ին հայտնել է The Seattle Times-ը՝ հղում անելով ընտանիքին։ Ռասելը մահացել է Վաշինգտոն նահանգի Բելվյու քաղաքում։ Մահվան ստույգ օրը և պատճառը չեն հրապարակվել։
1960-ականներին և 1970-ականների սկզբին աշխատելով Battelle Memorial Institute հետազոտական կազմակերպությունում՝ Ռասելը մշակել է թվային տեղեկատվության օպտիկական գրանցման և վերարտադրման համակարգ։ Նրա նպատակն էր ստեղծել երաժշտության պահպանման և վերարտադրման ավելի որակյալ եղանակ՝ առանց վինիլային ձայնապնակներին բնորոշ խշշոցի և աղմուկի։ Տեղեկատվությունը կարդալու համար նա առաջարկել էր օգտագործել լուսային ճառագայթ։
Ռասելի տեխնոլոգիաներով հետագայում հետաքրքրվել և դրանք լիցենզավորել են Sony և Philips ընկերությունները։ Այդ մշակումները հիմք են դարձել CD, CD-ROM, DVD և հետագայում նաև Blu-ray օպտիկական կրիչների զարգացման համար։ Գիտնականն իր կարիերայի ընթացքում ստացել է ավելի քան 70 արտոնագիր։
Չնայած իր գյուտերի համաշխարհային նշանակությանը՝ Ռասելը լայն ճանաչում չի ստացել և, ըստ հրապարակումների, իր հիմնական մշակման համար արտոնագրային վճարներ չի ստացել։ Նրա դուստրը՝ Քրիստեն Ռասելը, նշել է, որ վերջին տարիներին հայրը հանգիստ էր վերաբերվում իր գյուտի շուրջ հետաքրքրությանը և ուրախ էր, որ կարողացել է լուծել բարդ տեխնոլոգիական խնդիրը։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում