Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռшզմագերիների լայնածավալ փոխանակումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ. Քուշներ
Աշխարհ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նախատեսվում է պատերազմի սկսվելուց ի վեր ամենախոշոր ռազմագերիների փոխանակումը։ Նրա խոսքով՝ գործընթացը պետք է իրականացվի մինչև տոնական օրերը, և դրա արդյունքում հազարավոր մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց ընտանիքներ։ Այս մասին Քուշներն ասել է MD Meets փոդքասթին տված հարցազրույցում՝ նոյեմբերի 26-ին։
Քուշների խոսքով՝ փոխանակման կազմակերպումը եղել է Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների հիմնական նպատակներից մեկը։ Նա ընդգծել է, որ քննարկումները կենտրոնացած են եղել մարդասիրական հարցերի վրա, իսկ գերիների վերադարձը կարող է դառնալ բանակցությունների կարևոր արդյունքը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովն ավելի վաղ հայտնել էր, որ փոխանակումը կարող է իրականացվել մի քանի փուլով։ Նրա գնահատմամբ՝ առաջին փուլը հնարավոր է անցկացնել նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, իսկ ամբողջ գործընթացը մեկ օրում ավարտելը քիչ հավանական է։
Քուշները նաև նշել է, որ Վաշինգտոնը առաջընթաց է գրանցել բանակցությունների բազմակողմ ձևաչափի հարցում։ Նրա խոսքով՝ հետագա որոշումները չեն ընդունվի առանց Ուկրաինայի և եվրոպական գործընկերների համաձայնության։ Միաժամանակ կողմերի միջև շարունակում են տարաձայնություններ մնալ պատերազմի ավարտի և հետպատերազմյան անվտանգության երաշխիքների հարցերում։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում