Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ
Աշխարհ
Բանգլադեշի Գազիպուր արդյունաբերական շրջանում նոյեմբերի 26-ին ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել բողոքի դուրս եկած տեքստիլ և կարի արտադրության աշխատակիցներին ցրելու համար։ Ցուցարարները փորձել են փակել կարևոր ավտոմայրուղին՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ընթացքում ցուցարարներն այրել են նաև ոստիկանական մոտոցիկլետ։
Բողոքի նոր ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ կառավարության կողմից ձևավորված վեց անդամից բաղկացած հանձնաժողովը հաստատել է ոլորտի աշխատակիցների նվազագույն աշխատավարձի 36 տոկոս բարձրացումը։ Սակայն աշխատողները պահանջում էին աշխատավարձը կրկնապատկել՝ պնդելով, որ առաջարկված աճը չի համապատասխանում կյանքի թանկացմանը։
Բանգլադեշի արդյունաբերական այս հատվածում աշխատում է ավելի քան 4 միլիոն մարդ։ Վերջին շաբաթների ընթացքում բողոքի ակցիաները հանգեցրել են գործարանների ժամանակավոր փակման, ճանապարհների արգելափակման և արտադրության խափանումների։ Աշխատավարձերի շուրջ բանակցությունները չեն կարողացել մեղմել լարվածությունը։
Գազիպուրի արդյունաբերական ոստիկանության ղեկավար Մոհամմադ Ամջադ Հոսեյնը հայտնել է, որ իրավիճակը հետագայում հանդարտվել է, սակայն ուժային կառույցները շարունակում են բարձր պատրաստվածություն պահպանել՝ նոր բախումները կանխելու համար։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում