Մելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործը
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ նախկին ոստիկանապետ Ջաննի Դե Ջենարոյի մահվան հանգամանքներն ու նրա թողած նամակները խորապես ցնցել են իրեն։
«Նրա խոսքերը խորապես ազդում են մեզ վրա, սակայն կարծում եմ, որ այս պահին ամենալուրջ քայլը, որ կարող ենք անել, դատախազներին աջակցելն է, որպեսզի նրանք կարողանան բացահայտել այս գործի բոլոր հանգամանքները»,- հայտարարել է Մելոնին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նիստի շրջանակում։
Սա առաջին դեպքն էր, երբ Իտալիայի վարչապետն անդրադարձել է ոստիկանության նախկին ղեկավարի ողբերգական մահվանը։ Դե Ջենարոն շաբաթ օրը ինքնասպան է եղել Մարեմմեի իր առանձնատանը։
Մելոնին ընդգծել է, որ այս փուլում հանրային ենթադրություններն ու կողմնակալ գնահատականները չեն նպաստի գործի բացահայտմանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերացնել անորոշությունը և պարզել բոլոր հանգամանքները։ Գործը կապված է Պաոլո Բորսելինոյի և նրա թիկնապահների սպանության հետաքննության հետ։
Իտալական Corriere della Sera պարբերականի հրապարակման համաձայն՝ Դե Ջենարոն մահից առաջ թողել է ութ էջից բաղկացած ձեռագիր նամակ՝ թվագրված նոյեմբերի 20-ով։ Այն սկսվում է հետևյալ խոսքերով. «Մի քանի րոպեից ես այլևս այստեղ չեմ լինի, և դուք հիանալի հասկանում եք, որ մահապատժի դատապարտված մարդը չի կարող ստել»։
Իր վերջին ուղերձում նախկին ոստիկանապետն ընդունել է, որ իր երկարամյա կարիերայի ընթացքում հնարավոր է՝ սխալներ է թույլ տվել։ Նա նաև ափսոսանք է հայտնել, որ իր որոշ մտերիմների ներգրավել է Կալտանիսետայի դատախազության հետաքննության շրջանակում։
Միևնույն ժամանակ, մինչև վերջ նա պնդել է, որ երբեք չի դրժել իր հավատարմության երդումը հայրենիքին և միշտ կատարել է իրեն տրված հրամանները, նույնիսկ այն դեպքերում, երբ համաձայն չի եղել դրանց։
Մելոնին նաև հայտնել է, որ դեռ որոշում չի կայացրել՝ ներկա կլինի՞ արդյոք Դե Ջենարոյի հուղարկավորությանը։ Նրա խոսքով՝ ապահովել է, որ կառավարության անունից արարողությանը մասնակցի փոխնախարար Ալֆրեդո Մանտովանոն։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում