Մի քանի ոստիկան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. նոր մանրամասներ
Հասարակություն
Երեկ երեկոյան և գիշերը Խորենացի փողոցում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման հետևանքով, ըստ Առողջապահության նախարարության, մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 51 տուժած, որից 28-ը՝ ոստիկան են: Երեկ «Էրեբունի» ԲԿ ուշ երեկոյան տարբեր վնասվածքներով տեղափոխվել է 18 մարդ, լուսադեմին՝ ևս 2-ը։ Ընդհանուր 20 տուժած, որից 16-ը ոստիկան են, 4-ը՝ քաղաքացիական հագուստով։
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը, իրենց մոտ տեղափոխվածներից 3 ոստիկան, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։ «Մենք ծայրահեղ ծանր վիճակում հիվանդ չունենք։ Ունենք վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գտնվող հիվանդներ։ Նրանց ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Մեզ մոտ այս պահին կա 13 ոստիկան։ Նրանց մոտ հիմնականում առկա են սալջարդեր, կոտրվածքներ, գազից թունավորումներ»,- տեղեկացրեց Շուշան Հունանյանը։ Մեր տեղեկություններով՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող ոստիկաններից մեը գլխի շրջանում է լուրջ վնասվածք ստացել։
Հիշեցնենք՝ երեկ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախման հետևանքով քաղաքացիները և ոստիկանները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Առավոտյան Ոստիկանությունը ցրեց ցույցը և բերման ենթարկեց զանգվածային անկարգության մասնակիցներին։ Քննչական կոմիտեն էլ տեղեկացնում է, որ այս պահին կա 16 ձերբակալված, ովքեր կասկածվում են զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)