Ոստիկանությունն այսօր էլ փնտրում է Վանո Սիրադեղյանին. Օսիպյան
Քաղաքական
Ոստիկանությունն այսօր էլ փնտրում է Վանո Սիրադեղյանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի հնարավորությանը։
«Թյուր կարծիք կա, թե նրան հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները չեն շարունակվում։ Ոստիկանությունը մշտապես իր աշխատանքներն իրականացնում է։ Մենք ունենք առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք անմիջապես տաք հետքերով, ժամերի ընթացքում բացահայտվում են, բայց ունենք մի փոքր դեպք, որը պետք է բացահայտվի, բայց տարիներ է պահանջում։ Այսօր օրինակ բերեցի, որ 97 թ․-ին կատարված բնակարանային գողություն են բացահայտել, իսկ անցյալ տարի 1991 թվականի սպանություն։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչուր դեպք ուսումնասիրվում է, այնպես չէ, որ ոստիկանությունը մոռանում է։ Կան համապատասխան ծառայողներ, որոնք պատասխանատու են դեպքերի բացահայտման համար և աշխատում են»,- ասաց նա։
Այն հարցին, թե ոստիկանությունը գոնե տեղյա՞կ է, թե Վանո Սիրադեղյանը որտեղ է՝ ՀՀ-ում, արտերկրում, Օսիպյանը պատասխանեց․ «Օտարերկրյա ներքին գործերի նախարարներից էլ եմ լսել, որ երբեմն ձեր հարցերն ու իմ պատասխանները խանգարում են, ավելին՝ խանգարել են գործին։ Օրինակ՝ Եռաբլուրում տեղի ունեցած համակարգչի գողությանը, քանի որ մենք տեսադաշտում ունենք ենթադրյալ կատարողներ, ունեինք վկաներ, բայց գործին այնպիսի հնչեղություն տվեց, որ սահմանափակվել է գործի բացահայտումը։ Շատ անգամ ես ստիպված եմ եղել հնչեցված հարցերին սեղմ ու սահմանափակ պատասխանել՝ ելնելով գործի օպերատիվ տվյալներից»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)