Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարդ և Գողթ բնակավայրերում
Հասարակություն
Գառնի խոշորացված համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանը եղել է նաև Գեղարդ և Գողթ բնակավայրերում:
Գեղարդում մարզպետը ծանոթացել է շուրջ 3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներին։ Նա զրուցել է շինարարների հետ, քննարկել ընթացիկ խնդիրները և հորդորել անել առավելագույնը՝ աշխատանքներն օր առաջ ավարտելու և որակյալ արդյունք ապահովելու համար։
Այս ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության «Դպրոց տանող ճանապարհների կառուցում և հիմնանորոգում» ծրագրով՝ Կոտայքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ: Նմանատիպ ծրագիր ընթանում է նաև Գողթ բնակավայրում, որտեղ մարզպետը նույնպես այցելել և հետևել է աշխատանքների ընթացքին:
Այցի շրջանակում Լիլիթ Ստեփանյանը եղել է նաև Գողթում հիմքից կառուցվող նոր դպրոցի շինհրապարակում, շրջել տարածքում և ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Շուրջ 2 մլրդ 854 մլն դրամ արժողությամբ այս ժամանակակից կրթօջախը կառուցվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով և նախատեսված է Գողթ ու Գեղարդ բնակավայրերի շուրջ 435 աշակերտի համար:
Բացի այդ, մարզպետն այցելել է Գողթի մանկապարտեզ, որտեղ առաջիկայում համայնքային բյուջեի միջոցներով կմեկնարկեն բակային հատվածի բարեկարգման աշխատանքները:


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը