Կյանքի նոր փուլ. Թալիշում վիրավորում ստացած զինվորը սովորել ու աշխատանքի է ընդունվել
Այլ
21-ամյա Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Հայրենիքի պաշտպան» ծրագրին, որի մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր 2019թ.-ի հունվարի 28-ին: Այն իրականացնում է «Երևան իմ սեր» հիմնադրամը:
Նպատակն է աջակցել ծառայության ընթացքում վիրավորված, հիվանդություններ ստացած զինծառայողներին՝ նրանց ուսուցանել նոր հմտություններ և ընձեռել աշխատանք ունենալու հնարավորություն:
«2017թ-ին Արցախում՝ Թալիշում, ծառայության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով կորցրեցի ձախ ձեռքիս թաթի հիմնական հատվածը: Հետո այդ ձեռքս անշարժացավ»,- ասել է Տիգրանը:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվելուն զուգահեռ այս տարվա մարտից նա մասնակցել է «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին փուլին: Եռամսյա դասընթացի ընթացքում սովորել է լուսանկարչություն, օպերատորություն ու համակարգչային մոնտաժ: «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանի որոշմամբ՝ Տիգրան Սարգսյանը որպես լուսանկարիչ աշխատանքի է ընդունվել «Երևան իմ սեր» հիմնադրամում:
Հետագայում ընդգրկվելու է նաև զինհաշմանդամների համար իրականացվող ծրագրերի աշխատանքային խմբում: «Երևան իմ սեր» հիմնադրամը «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին փուլի արդյունքներն ամփոփելու և ծրագրի հետագա ընթացքի մասին մանրամասներ է ներկայացնելու աշնանը, քանի որ ծրագրին մասնակցած տղաների մի մասը բնակվում են մարզերում և այս պահին Երևանում չեն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)