Ինչ ուզում են, անեն, բայց երեխաներին թող հեռու պահեն նման դիրքորոշումներից
Հասարակություն
Հանրային խորհրդի լիագումար նիստում օրակարգային հարցերից մեկը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն էր վերաբերում։ Խորհրդի անդամների որոշմամբ՝ տվյալ կոնվենցիայի վավերացումն հետաձգելու և նորից մանրամասն վերանայելու որոշում կայացվեց, ինչը կներկայացնեն կառավարությանը։
Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Հանրային խորհրդի անդամներ Աիդա Թոփուզյանի և Ստյոպա Սաֆարյանի հետ, ովքեր միմյանց արմատական տարբեր կարծիքներ ունեն նույն կոնվենցիայի մասին:
Աիդա Թոփուզյանի կարծիքով բոլորովին պարտադիր չէ, որ ընդունվի կոնվենցիան, քանի որ այն ինչ վերաբերում է ընտանեկան բռնության դեմ պայքարին, կանանց նկատմամբ բռնություններին, ՀՀ-ում կա նման օրենք և այդ օրենքի սահմաններում կան հստակ դրույթներ, որոնք կանխարգելում են բռնությունը թե՛ ընտանիքում, թե´ կանանաց և երեխաների նկատմամբ։
«Ստամբուլյան կոնվենցիայում կան թեզեր, որոնք երկակի իմաստ ունեն, օրինակ՝ խոսվում է և՛ կին-տղամարդ ընտանիքի մասին, և՛ զուգընկեր ընտանիքի մասին, ինչպե՞ս հասկանալ դա, կամ «գենդեր» հասկացությունը, որը տարբեր հոդվածներում տարբեր երանգ է ստանում։ Իմ մտավախությունը նրանում է, որ տվյալ կոնվենցիան դիպչում է մեր ինքնությանը։ Ինչ ուզում են, թող անեն մեծահասակները, միայն թե երեխաներին նման դիրքորոշումից հեռու պահեն։ Մենք հիմա այնպիսի վիճակում ենք, որ կարող են գրանտ ստանալու համար օրենք ընդունել, կամ գրանտ ստանանք՝ օրենքի նախագիծ գրենք, ինչպես օրինակ եղել է վերջին՝ Բարձրագույն կրթության օրենքի նախագծի դեպքում»,- նշեց Թոփուզյանը։
Ստյոպա Սաֆարյանն այդ կարծիքին չէ, նրա խոսքով` տվյալ կոնվենցիայում չկա այն ամենը, ինչ ներկայացվում է իբրև բացասական.
«Շատերը շահարկում են «զուգընկեր» բառը, որն ասոցացնում են 3-րդ սեռի հետ, բայց իրականում դա այդպես չէ, կոնվենցիան վերպետական է, տարբեր երկրների համար է գրված։ Մեր երկիրն արդեն սահմանել է՝ ինչ է ընտանիքը, պետք չէ բառերից կառչել։ Ինձ համար ավելի կարևոր է, որ կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը կարգավորեն, դա կլինի կոնվենցիայով, թե առանց դրա, ինձ համար կարևորը խնդրի լուծումն է», ասաց Ստյոպա Սաֆարյանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)