Հողը կբաժանվի բնակիչների միջև, այլ ճանապարհ չեմ տեսնում․ գյուղացիները բացեցին երկաթգիծը
Հասարակություն
Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել էին երկաթգիծը՝ խոչընդոտելով աշխատանքներին։ ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի հետ։
«Դեռ առավոտից մեր գյուղացիները փակ էին պահում երկաթգիծը։ Նրանց պահանջը մեկն է՝ պետական ֆոնդի հողերն են ցանկանում։ Այդ հողերը նախկինում մեր համայնքին չեն պատկանել, այլ եղել է հարևան գյուղերինը։ Հիմա մեզ է տրամադրվել, ու մեր գյուղացիներն ուզում են, որ այդ հողերն իրենց տրվի»,- ասում է գյուղապետը։
Նա նշեց, որ գյուղացիները փակել էին երկաթգիծը, որից օգտվում է Սոթքի ոսկու հանքը։
«Այս պահին գյուղում ավագանու նիստ է։ Քննարկումներ են ընթանում, փորձում ենք լուծում տալ հարցին։ Գյուղացիները ուզում են, որ այդ հողերը հավասար բաժանվեն իրենց միջև»,- նշեց համայնքի ղեկավարը։
Ըստ Սարգսյանի՝ այս պահին ամեն հարց կարգավորվել է։ Երկաթգիծը իր բնականոն աշխատանքն է կատարում, իսկ մարդիկ հավաքվել են գրասենյակի մոտ և սպասում են որոշմանը։
Մեր այն հարցին, թե ինչպիսին կլինի իրենց որոշումը, համայնքի ղեկավարը պատասխանեց․ «Ամենայն հավանականությամբ հողը հավասար կբաժանվի բնակիչների միջև։ Մենք չենք ուզում, որ այդ հողը պարապուրդի մատնվի, եթե հնարավոր է մշակել։ Հարցի լուծման այլ ճանապարհ չեմ տեսնում»,- խոսքն ամփոփելով՝ ասաց Սարգսյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը խնդրի առնչությամբ այսօր առավոտյան գրառում էր կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
«Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել, որ 10.20-ից Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոթքի ոսկու հանքը, և պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև, որպեսզի բոլորն էլ հող ունենան, և արդյունքում հավասարություն լինի:
Գնալով ահազանգի հետքերով և միաժամանակ հաշվի առնելով երկաթգծի խիստ կարևոր նշանակությունը՝ անմիջապես կապ ենք հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, տեղեկացրել խնդրի մասին:
Կապ հաստատեցինք նաև Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի հետ, որն արդեն տեղյակ էր խնդրի մասին, և անմիջապես հասավ այնտեղ՝ գյուղացիների հետ խոսելու, խնդրի լուծման եզրեր գտնելու:
Տեղեկացնեմ, որ խնդիրն իրականում նոր չէ: Գյուղացիների հետ քննարկել եմ խնդիրը սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ Նորակերտի բնակիչների հետ համայնքային հանդիպման ժամանակ, և ասեմ, որ համալիր քննարկումների անհրաժեշտություն կա: Դա է նաև պատճառը, որ ՀՀ կառավարությունն այս մասով մինչ օրս որոշում չունի:
Հետևաբար, հորդորում եմ գյուղացիներին բացել այս կարևոր երկաթգիծը և հնարավորություն տալ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը շարունակել աշխատանքը. Կառավարությունն արդեն տեղյակ է խնդրին, ակցիան հասել է իր նպատակին: Փոխմարզպետը կլինի համայնքում։ Իսկ արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեմ:
Ի դեպ, երկաթգիծը փակելու ակցիայի կազմակերպիչն ու մասնակիցներից շատերը աշխատում են Սոթքի ոսկու հանքում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն