Հակածխախոտային պայքար․ ի՞նչ են պարզել բրիտանացի գիտնականները
Այլ
Ծխելու դեմ պետք է պայքարել․
Ծխախոտի և դրա հասցրած վնասի մասին տեղյակ են բոլորը, սակայն դա չի խանգարում, որպեսզի շատերը շարունակեն ամեն օր ծխել՝ թե՛ իրենց և թե՛ շրջապատին ենթարկելով հարյուրավոր թունավոր նյութերի ազդեցությանը: Մի շարք պետություններ արդեն իսկ ընդունել են հակածխախոտային խիստ օրենսդրություն: Չի կարելի միանշանակ նշել, որ բոլոր ամենուր գործընթացը հարթ ու անսխալ է գնացել, և արդյունքները միմիայն դրական են: Այնուամենայնիվ, սիգարետը վնասակար է առողջությանը։ Հետևաբար, դրա դեմ պետք է պայքարել։ Հակածխախոտային օրենսդրությունը լուրջ ծրագիր պետք է լինի, որը պահանջում է խորը ուսումնասիրություն, ուշադրություն մանրուքների, ինչպես նաև մի շարք գործոններ նկատմամբ, որոնք գործընթացի համար վճռորոշ դեր կարող են խաղալ: ՀՀ Առողջապահության նախարարության կողմից Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել հակածխախոտային օրենքի նոր նախագիծը: Քաղաքական գործիչների, կուսակցությունների շրջանում թեժ քննարկումներ են ընթանում ոչ թե օրենքի անհրաժեշտության, այլ առաջարկվող նախագծի խելամիտ ու արդյունավետ լինելու շուրջ:
Ո՞ր մոտեցումն է ճիշտ․
Օրինակ, փակ տարածքներում սիգարետ ծխելու արգելքը, իհարկե, չծխողների համար շատ արդյունավետ է, քանի որ ազատում է նրանց երկրորդային ծխի ազդեցությունից: Հաշվի առնելով, որ առանց այրման աշխատող այլընտրանքային արտադրատեսակները (էլեկտրոնային սիգարետ, ծխախոտի տաքացման համակարգեր) երկրորդային ծխի աղբյուր չեն, որքանո՞վ է իմաստավոր արգելքը տարածել նաև այս սարքերի օգտագործման վրա։ Ըստ երևույթին, ճիշտ չէ սիգարետի համարժեք դիտարկել ու բնորոշել այլընտրանքային արտադրանքը, քանի որ այն իրապես կարող է օգնել ծխողներին սիգարետից հրաժարվել:
Ի՞նչ են պարզել բրիտանացի գիտնականները․
Այս համատեքստում հետաքրքիր է Մեծ Բրիտանիայի փորձն ու հակածխախոտային պայքարում արձանագրված հաջողությունները։ Գիտակցելով, որ ծխողների որոշակի տոկոս ամենախիստ սահմանափակումների դեպքում անգամ շարունակելու են ծխել, Մեծ Բրիտանիայի կառավարությունը որդեգրել է նորարարական քաղաքականություն․ խթանել ծխողների շրջանում առանց ծուխ այլընտրանքին անցում կատարելը։ Ինչպես նշվում էՄեծ Բրիտանիայի Պառլամենտի գիտության և տեխնոլոգիայի մշտական կոմիտեի զեկույցում՝ այլընտրանքային արտադրատեսակների օրենսդրական կարգավորումները պետք է ավելի մեղմ լինեն, քան սիգարետինը: Այլընտրանքի հարկման, մարքեթինգի, ինչպես նաև հանրային վայրերում օգտագործման մոտեցումները պետք է վերանայվեն: Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետը համարվում է ծխելը թողնելուն օգնող միջոց, որը կարելի է արդյունավետ կիրառել այն ծխողների համար, ովքեր անկախ հակածխախոտային օրենքի խստության, շարունակելու են ծխել։
Այլ ուսումնասիրություններ․
Անդրադառնանք նաև Իտալիային։ Կատանիայի համալսարանում վերջերս կատարված ուսումնասիրության շրջանակներում վերլուծել են ծխախոտը տաքացնող արտադրանքի գոլորշու մեջ առկա ածխածնի մոնօքսիդի (CO) մակարդակը։ Հետազոտության արդյունքները վկայում են․ ծխախոտի տաքացման տեխնոլոգիայով աշխատող սարքերը զգալիորեն նվազեցնում են գոլորշու մեջ առկա վնասակար նյութերի մակարդակը։ Առանց այրման նիկոտին մատակարարող պրոդուկտներում ածխաթթու գազի, նիտրոզամինների, ալդեհիդների ծավալը շատ ավելի քիչ է, քան սիգարետի դեպքում: Իհարկե, այս դեպքում ևս ռիսկ կա, բայց այն անհամեմատելի է սիգարետի ռիսկի հետ, որի դեպքում թութունն այրվում է ու արտազատվում են բազմաթիվ վնասակար նյութեր՝ այդ թվում և ածխածնի մոնօքսիդ։ Հետազոտության հեղինակները եզրակացնում են, որ ծխախոտը տաքացնող սարքերը արդյունավետ այլընտրանք են այն ծխողների համար, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարողանում հրաժարվել սիգարետից:
Մեծ Բրիտանիան ու Իտալիան զարգացած երկրներ են, որոնցից վստահաբար կարելի է օրինակ վերցնել։ Ի վերջո, որքան էլ խիստ լինեն օրենսդրական սահմանափակումները, միևնույն է, լինելու է ծխողների ստվար զանգված, որը չի հրաժարվելու սիգարետից։ Ու հենց այդ ծխողներին պետք է հասանելի դարձնել առանց այրման աշխատող այլընտրանքը, որը կարող է միջանկյալ լուծում դառնալ հակածխախոտային պայքարում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն