8 տարվա ազատազրկում՝ թրաֆիկինգի համար
Իրավունք
Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել մարդկանց շահագործելու, այն է՝ օրգաններ՝ երիկամ, վերցնելու համար Ս. Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:
Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն քաղաքացի Ս. Հովսեփյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել՝ արտերկրում բնակվող, քննությամբ դեռեւս ինքնությունը չպարզված ոմն Ալեքսի, Ալբերտի եւ Բագդանի հետ՝ մարդկանց շահագործելու, այն է՝ օրգաններ՝ երիկամ, վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելու, նրանց տեղափոխումը կազմակերպելու եւ յուրաքանչյուր անձի դիմաց 2 հազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն ստանալու վերաբերյալ:
Այդ նպատակով Ս. Հովսեփյանը այցելել է հայաստանյան բուժհաստատություններ եւ համացանցում տեղադրել հայտարարություններ: Մարդկանց վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով Ս. Հովսեփյանը հավաքագրել է թվով 6 անձանց, հոգացել նրանց բժշկական հետազոտության, տեղափոխման ծախսերը եւ երիկամի դիմաց խոստացել 10 հազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն: Արդյունքում' նրան հաջողվել է հիշյալ 6 անձանցից 4-ի տեղափոխումը Շրի Լանկայի Հանրապետություն, որոնցից 3-ն այնտեղ ենթարկվել են վիրահատության եւ վերցվել է նրանց երիկամը:
Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2012թ. հուլիսի 31-ի դատավճռով Ս. Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում