Աժ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ երկրների օրենքների ներդաշնակեցման համաձայնագրի վավերացմանը
Հասարակություն
ՀՀ ազգային ժողովի տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համաձայնագիրը վավերացնելու նախագծին: Նոյեմբերի 25-ին հանձնաժողովի նիստում «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:
«Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի նոյեմբերի 6-ին Մոսկվայում: Եվ նախատեսվում է, որ դրանով անդամ պետությունների ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը կիրականացվի սահուն»,-ասաց Աբրահամյանը:
Համաձայնագրով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բանկային, ապահովագրական եւ արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները եւ կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների եւ ստանդարտների վրա: Համաձայնագիրն անդրադառնում է նաև միջազգային ստանդարտներին համաձայն ֆինանսական շուկայի ոլորտում ռիսկերի կարգավորման մոտեցումների ներդաշնակեցմանը:
Աբրահամյանը նշեց՝ ինչ վերաբերում է սկզբունքներին, ապա բոլոր կողմերը որդեգրել են հետևյալ սկզբունքը՝ առաջնորդվել միջազգային լավագույն փորձով, միջազգային ստանդարտներով: Ներդաշնակեցման գործընթացն իրականացվելու է անդամ պետությունների փոխգործակցությամբ և յուրաքանչյուր անդամ պետություն ինքն է որոշելու, թե որ օրենսդրական նորմատիվ իրավական ակտերն են ենթակա ներդաշնակեցման: Համաձայնագիրը հաստատելուց հետո 9-ամսյա ժամկետում պետք է պատրաստվի համապատասխան միջոցառումների ցանկ: Համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռուսաստանն ու Բելառուսը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն