Թբիլիսիում ոստիկանությունն առնվազն 28 մարդ է ձերբակալել՝ ընդդիմության հանրահավաքը ցրելիս
Վրաստան
Թբիլիսիում առնվազն 28 մարդ է բերման ենթարկվել եւ երեքը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել խորհրդարանի շենքի մոտ ոստիկանության կողմից ընդդիմության հանրահավաքը ցրման ընթացքում: Այդ մասին ասված է Վրաստանի ՆԳ նախարարության՝ նոյեմբերի 26-ին հրապարակված հայտարարության մեջ:
«Խորհրդարանի շենքի մոտ ակցիայի ընթացքում Վարչական իրավախախտումների օրենսգրքի 173 («Ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելը») եւ 166 («Մանր խուլիգանություն») հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար ընդամենը ձերբակալվել է 28 մարդ: Տարբեր բնույթի վնասվածքներ է ստացել երեք մարդ: Տուժածներին համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել»,- նշվում է հայտարարության մեջ:
Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք երկրորդ շաբաթն անընդմեջ պահանջում են համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, նոյեմբերի 25-ի երեկոյան ձեռնամուխ են եղել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի շենքի մուտքերի պիկետմանը՝ փորձելով պատգամավորներին զրկել երեքշաբթի օրը լիագումար նիստ անցկացնելու հնարավորությունից: Հատուկ նշանակության ուժերը հանրահավաքի մասնակիցներին հետ են մղել խորհրդարանի մուտքերից: Ակցիայի ցրումն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով:
ՆԳՆ-ում հայտարարում են, որ հանրահավաքի մասնակիցների պիկետն անօրինական էր: «Ակցիան դուրս էր եկել ժողովների ու խոսքի ազատության մասին օրենքի շրջանակից, մասնավորապես, խախտվել է «Ժողովների ու ցույցերի մասին» Վրաստանի օրենքը, որն արգելում է արգելափակել օրենսդիր մարմնի շենքի մուտքերը, ինչպես նաեւ ճանապարհի երթեւեկելի մասի փակումը, եթե չկա դրա անհրաժեշտությունը, ելնելով ժողովի մասնակիցների թվաքանակից»,- հավելել են գերատեսչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն