Էդգար Շաթիրյանը տեղյակ չի պահել իր հրաժարականի մասին. Լիլիթ Մակունց
Քաղաքական
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը, ով այդ պաշտոնում ընտրվել է «Իմ քայլը» խմբակցության առաջադրմամբ, իսկ երեկ հրաժարական է տվել, իր այդ որոշման մասին նախապես չի տեղեկացրել «Իմ քայլը» խմբակցությանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ես, իհարկե, ցավում եմ, որ պարոն Շաթիրյանին եղել են կաշկանդող հանգամանքներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր մասնագիտական որակներն իրացնելու եւ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար: Կարծում եմ՝ խորհրդարանի կողմից տրված մանդատը, որով նա ներկայացել էր հանձնաժողով, պետք է բավարար վստահություն եւ անկաշկանդվածություն հաղորդեր նրան՝ աշխատելու համար»,-ասաց Մակունցը:
Մակունցի խոսքով՝ իրենք դեռեւս Շաթիրյանի հետ հրաժարականի պատճառների մասին չեն խոսել, պարզապես նրա գրառումից արձանագրել են, որ եղել են կաշկանդող հանգամանքներ, ինչը, Մակունցի կարծիքով՝ չպետք է լիներ. «Կարծում եմ՝ պարոն Շաթիրյանն այլ պատճառների դեպքում եւ ցանկության դեպքում կապ կհաստատեր մեզ հետ»,- ընդգծեց Մակունցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որտեղ հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Լուսավոր Հայաստանի» կողմից ներկայացված թեկնածու Հայկուհի Հարությունյանը:
Թեկնածու էր նաեւ Էդգար Շաթիրյանը, սակայն նա չի ընտրվել:
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին խորհրդարանի կողմից:
Դրանից հետո Էդգար Շաթիրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում իր գործունեությունը շարունակել հանձնաժողովում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն