Նախկին փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը նոր պաշտոն կստանա՞․ «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ օգոստոսի 6-ին աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում նոր պաշտոն ստանա: Ընդ որում, տեղեկությունների համաձայն՝ նա կարող է առաջիկայում նշանակվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար: Նկատենք, որ չնայած Արման Սարգսյանն այլեւս չի զբաղեցնում ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, սակայն նա շարունակում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին միջնորդել այս կամ այն մարդուն պաշտոնի նշանակելու հարցում:
Նկատենք, որ Արման Սարգսյանն ու Հայկ Մարությանը մանկության ընկերներ են, եւ հենց դա է պատճառը, որ քաղաքային իշխանությունների աշխատակազմում մեծ թիվ էին կազմում նախկին ոստիկանները, եւ Հայկ Մհրյանը եւս մինչեւ փոխոստիկանապետ նշանակվելը եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը: Եվ, ահա, այժմ, երբ Մհրյանը կրկին անգործ է, նախկին ոստիկանապետը միջնորդել է նրան նոր պաշտոն տալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Հայկ Մհրյանին, սակայն նա նշեց, թե նման առաջարկ այս պահին չի ստացել՝ չհերքելով, որ Արման Սարգսյանն իր հարազատն է: «Նման առաջարկ չեմ ստացել. երբ ստանամ, կտեղեկացնեմ», – նշեց նա»: