Նպատակն վարչապետի պաշտոնին Մարուքյանին կարգելն է, որը մեկ տարի անց իշխանությունը կփոխանցի Միքայել Մինասյանին․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին տեղեկությունները հրապարակվելուց հետո քաղաքական կուլիսներում քննարկում են, որ Միքայել Մինասյանը «փչացնում» է Փաշինյանի հավանական «իրավահաջորդին»՝ վարչապետի պաշտոնում Միրզոյանի նշանակումն արդեն կարելի է բացառել։ Ավելին, հանրության ուշադրությունը սեւեռում են Մինասյանի թղթապանակի հաստության վրա՝ ակնարկելով, որ հերթում մյուսներն են։
Նպատակն անցումային վարչապետի պաշտոնին Էդմոն Մարուքյանին կարգելն է, որը մեկ տարի անց՝ ընտրություններում, իշխանությունը կփոխանցի Մինասյանին։ Ի դեպ, իմքայլականները չեն թաքցնում, որ վախենում են այդ սցենարից։
Երեկ, երբ Մարուքյանն իր ելույթում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, Հովիկ Աղազարյանը տեղից նետեց․ «Հա, կտա, բայց պիտի խոստանաս, որ դու վարչապետի թեկնածություն չես առաջադրելու»։
Մեզ հետ զրույցում իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հորդորեց լուրջ չընդունել Միրզոյանի ձեռքով գրված դիմումը՝ ԱԱԾ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին․ «Հերթական սեւացնելու գործընթացն է գնում։ ԱԱԾ-ն փակեց այդ հարցը՝ հերքելով հայտարարությունը»։
Բայց 10 րոպեում հնարավո՞ր էր ձեռագրաբանական փորձաքննություն իրականացնել։ «Ես չգիտեմ՝ իրականացրե՞լ է, թե՞ ոչ։ Ես հավատում եմ ԱԱԾ-ի հայտնած տեղեկատվությանը, քանի որ այն պաշտոնական է եւ որեւէ քաղաքական գործչի հայտարարություն չէ»։
Ա՞յն ԱԱԾ-ին, որը, օրինակ, հորդորում է գերի ընկնելու դեպքում զանգահարել իքս համարի։ «Բոլոր ժամանակների ԱԱԾ-ները շատ լուրջ կառույցներ են, եւ պետք է կառույցի հայտնած տեղեկատվությունը հիմք ընդունել»։