«Հրապարակ». Էշով մարդը նոր ակցիա է ծրագրում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Իջեւանի Աչաջուր համայնքի բնակիչ Սեւադա Ղուկասյանն անցյալ տարի գարնանը էշով Իջեւանից ժամանել էր Երեւան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով մեկ պտտելու համար:
Ըստ Սեւադայի` կա մոռացված մի ավանդույթ. նախկինում դավաճաններին էշի վրա թարս նստեցրել են, ապա քաղաքով մեկ պտտեցրել, որպեսզի բոլորն իմանան, թե դավաճանն ով է: Իհարկե, անմեղ թվացող այս արարքն իշխանություններին, կարծես, շատ էր ցավեցրել: Սեւադան այն ժամանակ բազմաթիվ հետապնդումների ենթարկվեց, եւ դրանք մինչ օրս շարունակվում են, նրա դեմ անգամ քրեական գործ է հարուցվել:
Սակայն այդ հետապնդումները նրան չեն վախեցրել, եւ նա որոշել է հերթական խենթ քայլին գնալ: Բանն այն է, որ նա կրկին ինչ-որ ակցիա է նախատեսել, սակայն թե ինչ գործողությունների է դիմելու եւ երբ է այն իրականացնելու, չցանկացավ մանրամասնել, պատճառաբանելով, թե կիմանան՝ կձախողեն:
Միայն տեղեկացանք, որ Սեւադայի արկածների գլխավոր «հերոսը» կրկին էշն է լինելու, որին նա անվանակոչել է Նիկոլ: Մեր աղբյուրի փոխանցմամբ` ակցիան այս անգամ լինելու է հայ-ադրբեջանական սահմանին»: