Ադրբեջանում գեներալներին երկարաժամկետ ազատազրկման կդատապարտեն
ԱդրբեջանԲաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատախազը եզրափակիչ ելույթ է ունեցել լուծարված Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) նախկին բարձրաստիճան սպաների դատավարության ժամանակ։ Ըստ Turan-ի՝ նա առաջարկել է ԱԱՆ հետաքննչական վարչության նախկին ղեկավար Մովլամ Շիխալիեւին 14 տարվա, Յասին Մամեդովին՝ 12, Վուսալ Ալեքպերովին՝ 11, Սահիբ Ալեքպերովին 10 տարվա ազատազրկման դատապարտել:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 30-ին։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ 2008-2014 թթ. ԱԱՆ Քննչական վարչության նախկին պետ Մովլամ Շիխալիեւը, ԱԱՆ քննչական վարչության նախկին պետ Վուսալ Ալեքպերովը, Նախաքննչական վարչության պետի նախկին տեղակալ Յասին Մամեդովը եւ Վարչության պետի նախկին տեղակալ Սահիբ Ալեքպերովը կազմակերպված կերպով յուրացրել են հետախուզման մեջ գտնվողների ունեցվածքը եւ խոշոր չափերի կաշառք են շորթել։ Այդ սպաները մեղադրվում են հսկայական չափի կաշառքներ վերցնելու մեջ։