Վեդիի բնակիչ եղբայրների և գոռավանցի եղբայրների միջև ծեծկռտուք է եղել, որն ավարտվել է դանակահարությամբ
ԻրավունքՍեպտեմբերի 4-ին, ժամը 16.50-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի հանդամասերից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:
Մեկնել է ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ նշված վայրում վիճաբանություն-ծեծկռտուք էր եղել Վեդի քաղաքի բնակիչ երկու եղբայրների և Գոռավան գյուղի բնակիչ երկու եղբայրների միջև, որի ընթացքում 32-ամյա գոռավանցին դանակահարել էր Վեդիի երկու բնակչին:
Ժամը 19.25-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել չորս տղամարդ, որոնցից երկուսը՝ Վեդիի, երկուսը՝ Գոռավանի բնակիչներ:
Արարատի բաժնի ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 18.35-ի սահմաններում, Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում՝ Խոսրովի խճուղում, Վեդիի 39-ամյա բնակիչը «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով վրաերթի էր ենթարկել Գոռավան գյուղի 32-ամյա բնակչին, իսկ Վեդիի բնակչի ընկերը ծեծել էր վրաերթի ենթարկվածի եղբորը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: