STARMUS VI փառատոնի շրջանակում ՀՀ ԳԱԱ-ն կհյուրընկալի Նոբելյան մրցանակակիր Քըրթ Վյութրիխին
Գիտություն և ՄշակույթSTARMUS VI գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կհյուրընկալի Նոբելյան մրցանակակիր, շվեյցարացի քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Քըրթ Վյութրիխը հանդես կգա դասախոսությամբ, որին կհաջորդի հարց ու պատասխան:
Քըրթ Վյութրիխը հայտնի է գիտական շրջանակներում «խելագար կովի հիվանդություն» սարսափելի հիվանդության առաջացման համար պատասխանատու պրիոնների ուսումնասիրություններով: Պրիոնները մահացու են ոչ միայն անասունների, այլև` մարդկանց համար։
Նա մշակել է միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել կենսաբանական մակրոմոլեկուլների տարածական կառուցվածքը: Այս հետազոտության համար 2002 թվականին Քըրթ Վյութրիխն արժանացել է Նոբելյան մրցանակի: