Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կապ չունի Ռուսաստանում ապստամբության փորձի հետ
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցնում է, որ ԱՄՆ-ն և արևմտյան այլ երկրները կապ չունեն Ռուսաստանում ապստամբության փորձի հետ։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում, հայտնում է CNN-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այդ ամենի հետ կապ չունի, իսկ ապստամբությունը ներռուսական համակարգի պայքարի մի մասն էր։
Բայդենը հավելել է, որ անկախ Ռուսաստանում հետագա զարգացումներից՝ ԱՄՆ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ հետախուզությունը երկու շաբաթ առաջ է իմացել «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից ապստամբություն նախապատրաստելու մասին և այդ մասին զգուշացրել է Սպիտակ տանը։
Ընդ որում, հետախուզությունը հստակ չի իմացել, թե ինչ և երբ է պատրաստվում անել Պրիգոժինը։
Ինչպես գրում է New York Times-ը, ԱՄՆ-ն որոշել է չհրապարակել այդ տվյալները, որպեսզի իրեն չմեղադրեն պետական հեղաշրջման փորձի մեջ։ Նրանք նաև չեն ցանկացել օգնել Ռուսաստանի իշխանություններին։