Հուլիսի 2-ի գիշերը Ֆրանսիայում կարգուկանոնը կապահովեն 45 հազար ոստիկաններ և ժանդարմներ․ ՆԳՆ
ԱշխարհՀուլիսի 2-ի գիշերը Ֆրանսիայում կարգուկանոնը կապահովեն 45 հազար ոստիկաններ և ժանդարմներ, BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։
Ժանդարմերիայի բոլոր միջոցները, այդ թվում՝ ուղղաթիռները, կներգրավվեն ողջ երկրում։ Դարմանինի խոսքով՝ Մարսելում և Լիոնում, որտեղ անցած գիշեր տեղի են ունեցել ամենամեծ անկարգությունները, կստեղծվեն 5 շարժական խմբեր, որոնց թվում կան ոստիկանության և ժանդարմերիայի հատուկ ջոկատներ։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ի երեկոյան Փարիզի արվարձաններում ոստիկանների կողմից 17-ամյա դեռահաս Նահելի մահից հետո։ Այնուհետև ցույցերը վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Հունիսի 29-ի գիշերը ցուցարարները հրկիզել են մեքենաներ, ջարդել ցուցափեղկերը, հարձակվել ոստիկանների վրա, բարիկադներ կառուցել։ Հաջորդ օրը անկարգությունները շարունակվել են, ոստիկանությունն արդեն հայտնել է մոտ հազար մարդու բերման ենթարկելու մասին։