Ուզբեկստանի նախագահը վերընտրվել է
ԱշխարհՈւզբեկստանի ներկայիս նախագահ Շավքաթ Միրզիյոևը, ըստ օրենքի, վերընտրվել է նոր ժամկետով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ԿԸՀ նախագահ Զայնիդդին Նիզամխոջաևը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Օրենքի համաձայն՝ ընտրված պետության ղեկավար է համարվում այն թեկնածուն, ով ստանում է ձայների 50%-ը գումարած 1 ձայն։ Քանի որ Շավքաթ Միրզիյոևը, նախնական տվյալներով, հավաքել է ձայների 87,05%-ը, նա օրինական կերպով ընտրվում է նախագահ»,-ասել է ԿԸՀ նախագահը։
Միաժամանակ, Սոցիալ-դեմոկրատական «Ադոլաթ» («Արդարություն») կուսակցության կողմից առաջադրված Գերագույն դատարանի նախագահի առաջին տեղակալ Ռոբախոն Մախմուդովան հավաքել է 4,43 %, ԺԴԿ առաջնորդ Ուլուգբեկ Ինոյատովը՝ 4,02 % ձայն, Էկոլոգիական կուսակցության ղեկավար Աբդուշուքյուր Խամզաևը՝ 3,74%։
Միաժամանակ, անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 0,76 %-ը։
Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 15 651 405 մարդ, կամ գրանցված ընտրողների 79,8%-ը։ ԿԸՀ ղեկավարի խոսքով՝ ընտրություններն անցել են բաց, թափանցիկ և ժողովրդավարական ճանապարհով։