ԱՄՆ-ում չեն կարողացել գտնել Սպիտակ տանը հայտնաբերված կոկաինի տիրոջը
ԱշխարհԱՄՆ Գաղտնի ծառայությունում հայտարարել են, որ դադարել են հետաքննել Սպիտակ տանը կոկաինի հայտնաբերման դեպքի՝ չգտնելով դրա տիրոջը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այժմ հետաքննությունը փակվել է՝ ապացույցների բացակայության պատճառով։ Չեն հայտնաբերվել տեսախցիկների կադրեր, որոնք կապահովեին ապացույցներ կամ այլ արժեքավոր տեղեկություններ՝ պարզելու համար, թե ով կարող էր բերել այդ նյութը», - ասվում է հաղորդագրությունում:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունը պատրաստվում է հուլիսի 13-ին Կոնգրեսում ճեպազրույց անցկացնել՝ նախորդ շաբաթ Սպիտակ տանը հայտնաբերված կոկաինի փաստի վերաբերյալ։ Գաղտնի ծառայության տվյալներով՝ հուլիսի 2-ին Սպիտակ տան տարածքներից մեկում, որից օգտվում են սպասարկող անձնակազմը, նկատել են սպիտակ նյութի հետքեր, և այս միջադեպի պատճառով շենքի մի մասը տարհանվել է։ Շուտով փոշին ուղարկվել է փորձաքննության, որը հաստատել է, որ դա կոկաին է։ Դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչպես է կոկաինը հայտնվել ԱՄՆ նախագահի նստավայրում։