Երևանի ավագանու ընտրություններում տեխնիկական սարքավորումների հետ կապված խնդիրներ գրեթե չեն արձանագրվել
ՀասարակությունԵրևանի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքում տեխնիկական սարքավորումների հետ կապված խնդիրներ գրեթե չեն արձանագրվել։ ԿԸՀ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը` ներկայացնելով իրավիճակային վերլուծության կենտրոնի ստացած ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը։
ԿԸՀ նախագահի տեղակալի խոսքով՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հետ են եղել որոշ տեխնիկական խնդիրներ, երբ ընտրատեղամասում անձը հաստատող փաստաթուղթը տեխնիկական սարքավորման միջոցով չեն կարողացել անցկացնել և դրանց մի մասը ստիպված ստեղնաշարով են գրանցել, մի քանի դեպքում էլ տրամադրվել է համարակալված կտրոն։ Նա նշեց, որ խոսքը 30-40 միջադեպի մասին է։
« Գրեթե դեպք չի արձանագրվել, որ ընտրողները տեխնիկական խնդիրների պատճառով չիրացնեն իրենց քվեարկելու իրավունքը։
Եվ իրավիճակային վերլուծությունների կենտրոնում, և աջակցման կենտրոններում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ընտրողները տեղամասերում կարողանան իրացնել իրենց քվեարկելու իրավունքը»,- եզրափակեց Հովհաննիսյանը։