ՄԻՊ-ն ու Շվեյցարիայի դեսպանը խոսել են Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների ու կարիքների մասին
ՀասարակությունՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։
Պաշտպանը դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են արտահերթ նախնական զեկույցում։
Անահիտ Մանասյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից է։
Ներկայումս շարունակվում են փաստահավաք աշխատանքները, որոնց վերջնական արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ներպետական իրավասու մարմիններին և միջազգային դերակատարներին։
Հանդիպման ընթացքում Պաշտպանն անդրադարձ է կատարել նաև հաստատության գործունեության առաջնահերթություններին, մասնավորապես դպրոցներում բուլինգի կանխարգելման, բացահայտման և լուծման ուղղությամբ գործուն մեխանիզմների ներդրման կարևորությանը, ինչպես նաև անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարին։
Դեսպան Լուկաս Ռոզենկրանցն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։