Նորընտիր պատգամավոր Լևոն Քոչարյանը երդվեց եւ ստանձնեց իր լիազորությունները
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության ազգային ժողովի հերթական նիստում Լևոն Քոչարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի բարգավաճման ու հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար»,- ասաց Քոչարյանը։
«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուները, որոնք պետք է ստանձնեին պատգամավորական մանդատը, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Ընտրական ցուցակի հաջորդ համարը Լևոն Քոչարյանն էր, որը մինչ մանդատ ստանալը կալանավորված էր։ Լևոն Քոչարյանին պատգամավորի մանդատ տրամադրելու ԿԸՀ-ի որոշումից հետո նա ազատ արձակվեց։