Գագիկ Ծառուկյանը հանդիպել է մի խումբ դիվանագետների, միջազգայնագետների, վերլուծաբանների հետ
Քաղաքական«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է մի խումբ դիվանագետների, միջազգայնագետների, վերլուծաբանների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Տեղի է ունեցել անկաշկանդ քննարկում Հայաստանի շուրջ զարգացումների, առկա իրավիճակի, տարածաշրջանային նոր ռիսկերի, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ։ Գագիկ Ծառուկյանը կարևորել է համաշխարհային անկայունության այս փուլում ներքին հաշտության և համահայկական ռեսուրսների համախմբման խնդիրը։
«Հայաստանն իրավունք չունի լինելու Ռուսաստանի և Արևմուտքի խոշոր շահերի բախման կենտրոնում. դա մեր պետությանը և մեր ժողովրդին միայն նոր տառապանքներ ու աղետներ կարող է բերել»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։ Քննարկման մասնակիցները հանդես են եկել կոնկրետ առաջարկներով, նշել են ահագնացող ռիսկերը և դրանք հնարավորինս չեզոքացնելու համար անհրաժեշտ քայլերը։
Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակել միջազգային տարբեր հարթակներում հայկական շահի պաշտպանման, հայի արժանապատվության և հայկական միասնականության վերականգնմանն ուղղված գաղափարներին ու նախագծերին»,- ասված է գրառման մեջ։