«Հրապարակ». Կադրերի փնտրտուքի մեջ են
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կադրային փնտրտուքների մեջ է՝ ումով փոխարինել Լոռվա, Արմավիրի նախկին մարզպետներին, որոնց ազատեց տարեսկզբին՝ ցնցուղի եւ կախիչների հայտնի պատմություններից հետո։ ՔՊ-ում առայժմ տարբերակներ են քննարկվում, բայց որեւէ թեկնածուի վերաբերյալ վարչությունը դեռ որոշում չունի։
Արմավիրի մարզպետի հավակնորդների թվում շրջանառվում են Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի եւ ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի անունները։ Վերջինս 2012-2014 թթ․ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի պաշտոնը։
Տեղեկություններ կան, որ Փաշինյանը մտադիր է ուժային կառույցներում աշխատած անձանց գործուղել մարզեր, քանի որ առջեւում ընտրական գործընթացներ են, եւ կարիք կա ուժային մեթոդներով մարզերը բռի մեջ հավաքել։ Թեպետ ՔՊ-ում չեն բացառում Դավիթ Խուդաթյանի նշանակումը եւս, Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից եւ իր վերաբերմունքը չի թաքցնում։
Առավել բարդ է Լոռվա մարզպետի հարցը, ՔՊ-ում սարսափով են քննարկում, որ մարզպետ կարող է նշանակվել Արեն Մկրտչյանը կամ Արփի Դավոյանը, ովքեր թերեւս հենց իրենք են նման լուրեր տարածում»: