Ադրբեջանի ընկալումն այն է, որ ՀՀ–ն բանակ չունենա՞, կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյության իրավունքը․ Փաշինյան
Քաղաքական«Ադրբեջանը մի կողմից ասում է, որ ինքը բանակն ուժեղացնելու է, ինքը կասկածի տակ է դնում ՀՀ–ի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից՝ ասում է Հայաստանի բանակը Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք է գնում։ Տրամաբանությունը ո՞րն է։ Ադրբեջանի ընկալումն այն է, որ ՀՀ–ն պետք է բանակ չունենա՞»,– հունվարի 13-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե սա է ընկալումը, նշանակում է կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյության իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է»,– ասել է նա։
Փաշինյանի կարծիքով՝ արտաքին և ներքին որոշ ուժեր չեն ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն։
«Ցավոք, մինչ այս պահը Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով։ Եվ Հայաստանում, և Ադրբեջանում, ինչպես նաև մեր երկրներից դուրս կան և կլինեն ուժեր, որոնք շահագրգռված չեն խաղաղությամբ, բայց այս պարագայում շատ կարևոր է այլ երկրների ղեկավարների դիրքորոշումները»,- նշել է նա։