Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
ԻրավունքՄարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 17-ին չհայտարարված այց են իրականացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նրանց առողջական փաստաթղթերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Հիմնարկում գտնվող անձինք բարձրաձայնել են խնդիրներ` կապված հիմնականում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու, պատշաճ բժշկական օգնություն ստանալու և քրեակատարողական հիմնարկներ նրանց տեղաբաշխելու գործընթացի հետ։
Պաշտպանի ներկայացուցիչները զրույցներ են ունեցել նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ղեկավար կազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։