«Ժողովուրդ». Նորատուսում ձկնորսների եւ պարեկների գործով նոր որոշում է կայացվել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ որոշում է կայացվել Նորատուսում ձկնորսների եւ պարեկների գործը մարզից տեղափոխել Երեւան եւ այն քննել մայրաքաղաքի դատարանում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Նորատուսի հայտնի ձկնորսների գործով փոխել է մեղադրյալ Ալիկ Համբարձումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւ որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը: Ավելին՝ դատարանը բավարարել է նաեւ պաշտպանի միջնորդությունը, եւ վարույթը կուղարկվի քննվելու Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
2023թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:40-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն են իրականացրել Սեւանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ:
Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց եւ նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա եւ վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այս դեպքով ընդամենը մեկ անձ էր կալանավորվել, որի խափանման միջոցը փոխվեց, եւ գործը տեղափոխվեց Երեւան»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան