Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր
ՏեսանյութերՄայիսի 29-ին Հռոմում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նույն օրը Հռոմում ընթացող «Իտալիա-Կենտրոնական Ասիա» նախարարական երրորդ համաժողովի աշխատանքներին: Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը լավ հնարավորություն է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը գործընկերներին ներկայացնելու համար:
Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել տնտեսության, պաշտպանության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին:
Պարույր Հովհաննիսյանը և Էդմոնդո Չիրիելլին քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգը, դրա խորացման հեռանկարները և ԵՄ շրջանակներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: