Libra Group-ի պատվիրակությունը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ
ՔաղաքականLibra Group-ի գործադիր տնօրեն Ջորջ Լոգոթեթիսի գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: