«Ազգային անվտանգություն»կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և անհամաչափ ուժի կիրառումը
Տեսանյութեր«Ազգային անվտանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ս.թ. հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտակայքում խաղաղ հավաք իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և անհամաչափ ուժի կիրառումը: Ոստիկանների գործողությունների արդյունքում 100-ից ավելի քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում՝ ծանր, մարմնական վնասվածքներ: Կարմիր բերետավորները բերման ենթարկելիս քաղաքացիներին ծեծել են, խոշտանգել նվաստացրել:
Ոստիկանների կողմից բիրտ և անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ են ստացել ԶԼՄ ներկայացուցիչներ, նահատակված հերոսների ծնողներ, կանայք և բազմաթիվ խաղաղ ցուցարարներ: Լուսաձայնային նռնակներ են կիրառվել՝ առանց հաշվի առնելու մանկահասակ երեխաների ներկայությունը հավաքի վայրում: «Ազգային անվտանգություն» կուսակցությունը վերստին հաստատում է, որ սահմանադրական կարգի տապալմամբ իշխանությունը զավթած անձը տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն է, երկիրը այս քաոսային վիճակից հանելու միակ ճանապարհը՝ այդ անձի հրաժարականը:
«Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյան