Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում
Արտակարգ ՊատահարԴեկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը Աբովյան - Գետամեջ ավտոճանապարհին՝ Գետամեջ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակին, ինչից գազի արտահոսք է սկսվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարի վարորդ Վիգեն Մ.-ն բախվել է «Ռ. Մելքոնյան և ընկերներ» գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն։
Բարեբախտաբար տուժածներ չկան։
Ահազանգով ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վթարը վերականգնելու և գազալցակայանի գազամատակարարումը վերականգնելու համար։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։