Ժողովրդին անդադար պատրանքներով կերակրեցին, մարդիկ աչքերը փակ սպասում են հարվածի պահին․ Մարուքյան
Բլոգոսֆերա«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Արամ Սարգսյանի գրառմանը, որով վերջինս կիսվել է Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցով ու գրել․
««Երկու աթոռի վրա նստելու քաղաքականության թերությունը նրանում է, որ կողմերից որևէ մեկը պատասխանատվություն չի կրում մեզ օժանդակելու մասով։ Ելքը՝ ամբողջությամբ արևմտյան աթոռին տեղափոխվելն է…»։
Մարուքյանն արձագանքել է․ «Հատկանշականն այն է, որ երկու տարուց ավելի է, ինչ Հայաստանն իր ունեցած միակ աթոռի վրայից վեր է կացել՝ արևմտյան աթոռի վրա նստելու բաղձալի երազանքով, բայց հանկարծ պարզվել է, որ արևմտյան աթոռը չկա, և սկսվել է մեր ազատ անկումը դեպի անդունդի հատակը։ Մեր թշնամիները, տեսնելով, որ գահավիժում ենք, ինչ կարողանում՝ խլում են ձեռքներիցս, իսկ այդ ընթացքում, տարբեր եթերներից մեզ պատմում են արևմտյան աթոռի մասին։
Եթե նույնիսկ ընդունենք, որ այդ արևմտյան աթոռը գոյություն է ունեցել և կոնկրետ մեզ համար է նախատեսված եղել, ապա ԱՄՆ-ի վերջին ընտրությունների արդյունքների ամփոփման պահին՝ մոխրոտիկի կառքի պես, այդ աթոռը վերածվել է դդումի։
Մի խոսքով, կամ Հայաստանը փորձում է ետ նստել իր աթոռին, իհարկե, եթե այն դեռ կա, զբաղված չէ ու մեզ թույլ տան նստել, կամ ազատ անկումը շարունակվելու է այնքան, մինչև, ամբողջովին թալանված, հասնենք անդունդի հատակին։ Ժողովրդին անդադար պատրանքներով կերակրելու վերջը հենց սա էլ պետք է լիներ. մարդիկ աչքերը փակ սպասում են հարվածի պահին»,- գրել է Մարուքյանը։