Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել
Աշխարհ
Մյանմայում տեղի փրկարարները և այլ երկրների նրանց գործընկերները շարունակում են փլատակների մաքրումը՝ ուժեղ երկրաշարժից հետո: Աղետի հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 3,600-ի, 5,017 մարդ վիրավորվել է, իսկ 160 մարդ անհայտ կորած է համարվում։
Շատերը ստիպված են գիշերել փողոցում։ Միևնույն ժամանակ, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, այս շաբաթ հանրապետությունում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Նշենք, որ Մյանմայում արդեն մի քանի տարի է քաղաքացիական պատերազմ է ընթանում, ինչը խորացնում է երկրաշարժի հետևանքները։ Երկրում չեն դադարում ռազմական գործողությունները՝ չնայած խունտայի և ապստամբ խմբավորումների հայտարարած ժամանակավոր հրադադարին:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, ճեղքել ճանապարհներ և քանդել կամուրջներ։ Ավերիչ երկրաշարժից հետո Մյանմայում գրանցվել է 2,8-7,5 մագնիտուդով 98 հետցնցում։
