Մենք դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը․ ԻԻՀ արտգործնախարարի առաջին տեղակալ
Աշխարհ
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին, գրում է Էրմենիհաբերը։
Ռավանչին անդրադարձել է Հայաստան-Իրան հարաբերություններին, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին և տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականությանը:
Հայ-իրանական հարաբերությունները պատմականորեն լավ որակելով` փոխարտգործնախարարը Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ հարցին ի պատասխան շեշտել է Իրանի հստակ դիրքորոշումը տարածաշրջանում սահմանների անփոփոխ լինելու վերաբերյալ:
«Մենք դեմ ենք ցանկացած սահմանային փոփոխության։ Մենք դեմ ենք յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ անհարգանքի։ Մենք դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Ոչ մի նման սցենարի կարիք չկա»:
Հարավային Կովկասում Թուրքիայի վարած քաղաքականության և տարածաշրջանում աճող ազդեցության վերաբերյալ հարցի պատասխանում էլ նշել է, որ բոլորը պետությունները պետք է հարգեն յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ այդ թվում կովկասյան տարածաշրջանում:
«Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը պիտի լինի օրվա կանոնը, և բոլորը պետք է հարգեն այս սկզբունքը»,-շեշտել է Ռավանչին:
