Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ
Իրավունք
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հոկտեմբերի 24-25-ը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի (IACP) 2026 թվականի համաժողովին։ Այցը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) աջակցությամբ։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ համաժողովի շրջանակում Նահապետյանը հանդիպել է մի շարք երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի տնօրենի առաջին տեղակալ Լեսլի Զիմանի և Դիվանագիտական անվտանգության ծառայության տնօրեն Նիկոլաս Կոլուրայի հետ։ Քննարկվել են իրավական համագործակցության ընդլայնման, տեղեկատվության փոխանակման և կոռուպցիայի դեմ պայքարի արդիական մեթոդների կիրառման հարցերը։
Հոկտեմբերի 27-ին Վաշինգտոնում Արթուր Նահապետյանը հանդիպել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի հետ։ Կողմերն անդրադարձել են ամերիկյան գործընկերների հետ համագործակցությանը և նրանց աջակցությամբ Հայաստանի իրավապահ ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերին։ Նա հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարության համապատասխան բյուրոյի հայաստանյան ծրագրերի համակարգող Ռեյչլ Քուքի հետ։
Նույն օրը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ՀԴԲ-ի հետ համագործակցության ընդլայնման, կոմիտեի ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաև ծառայողների վերապատրաստման նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային իրավական փոխօգնության արդյունավետության բարձրացմանը, հարցումների կատարման ընթացակարգերի և գործընկերների միջև տեղեկատվության փոխանակման կատարելագործմանը։ Ընդգծվել է, որ այդ մեխանիզմների զարգացումը կարևոր է անդրսահմանային կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձի համար։
Հոկտեմբերի 28-ին Արթուր Նահապետյանն այցելել է նաև ՀԴԲ ազգային ակադեմիա, որտեղ ծանոթացել է կառույցի հիմնադրման պատմությանը, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման և ֆիզիկական պատրաստվածության պայմաններին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից